20:59  ,  13 մարտի, 2012

Դերենիկ Գաբրիելյան. Պետք է ամեն ինչ անենք, որ Թուրքիայում խայտառակ չլինենք

Սիրողական բռնցքամարտի Սոֆիայի եւ Հելսինկիի մրցաշարերում Հայաստանի 12 մասնակիցներից 9-ը դարձան մրցանակիր: Հայաստանի հավաքականում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Այժմ հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ապրիլի 13-23-ը կայանալիք վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

NEWS.am Sport-ի թղթակիցը  զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի հետ:

Պարոն Գաբրիելյան, ամփոփեք Հելսինկիում եւ Սոֆիայում անցկացված մրցաշարերը:

Ես ներկա գտնվեցի միայն Սոֆիայի մրցումներին, որոնք բավական լուրջ եւ ուժեղ մրցումներ էին: Հայ մարզիկները մենամարտեցին ուժեղ բռնցքամարտիկների հետ: Մասնակցում էր 28 երկիր, որոնց շարքում բռնցքամարտի զարգացած այնպիսի երկրներ էին, ինչպես օրինակ Կուբան, Ռուսաստանը, Չինաստանը, Կորեան եւ այլք: Ունեցանք հաջող ելույթներ, որոնցից օրինակ՝ 41 կգ քաշում Հովհաննես Դանիելայնը երկու մենամարտ հաղթելուց երրորդում նոր պարտություն կրեց: Մյուս քաշային կարգերում պարտության մատնեցինք ադրբեջանցուն, ինչն ավելի ուրախացրեց մեզ: Նման հաջողություններ գրանցվեցին նաեւ Հելսինկիում Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ:  Երկու ստուգատեսն էլ հաջողությամբ հանձնեցինք: Սակայն սա ընդամենը նախապատրաստական փուլ է Թուրքիայի համար. Ընդհանուր գնահատական տալ կարելի է միայն Տրապիզոնի մրցումներից հետո: Բաքվում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո բոլոր քաշային կարգերում թափուր տեղեր են մնացել օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար, ինչը ենթադրում է՝ Թուրքիայի վարկանիշային մրցաշարում պայքարն ավելի դժվար է լինելու, քան աշխարհի առաջնությունում:  

Ինչպես որոշված էր, Սոֆիայի եւ Հելսինկիի մրցաշարերի արդյունքում կկազմվի Հայաստանի հավաքականը: Ովքե՞ր կհամալրեն հավաքականի կազմը եւ ի՞նչ փոփոխություններ կլինեն:

Նորից պետք է լինի հավաք: Արդեն ներկայացրել ենք Տրապիզոնում մասնակցող հավանական մարզիկների ցուցակը, բայց կան քաշային կարգեր, որոնց համար դեռ վերջնական որոշում չկա: Օրինակ՝ 49 կգ քաշային կարգում ունենք Կորյուն Սողոմոնյան, որը հաղթեց հանրապետության առաջնությունում եւ կա Հովհաննես Դանիելյան, որը գրավեց 2-րդ տեղ: Միայն վերջին պահին կորոշենք, թե ով է լավ մարզավիճակում եւ ով կարող է Հայաստանի համար բերել վարկանիշ: Անձնական սիմպատիայիով ոչ ոք չի ընտրվի: Պետք է շատ լուրջ ամեն մի մարզիկ իր առջեւ դնի խնդիր եւ լրջագույնս նախապատրաստվի, եթե ուզում է մտնել հավաքականի կազմ: Պետք է ամեն ինչ անենք, որ Թուրքիայում խայտառակ չլինենք:

Ֆեդերացիան Oլիմպիական խաղերում քանի՞ մասնակցի հույս ունի:

Հայ մարզիկին օլիմպիադայում տեսնելը լավ բան է, բայց պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել այնտեղ: Որքան շատ մարզիկ ուղարկենք, այնքան լավ: Ես տեսնելով դաշտը, թե ինչ կարգավիճակում ենք մենք, կցանկանայի օլիմպիադայում տեսնել 2-3 մարզիկների: Լավ կլինի, որ Անդրանիկ Հակոբյանը օլիմպիադայում միայնակ չլինի:

Եթե միայն Անդրանիկ Հակոբյանին հաջողվի հանդես գալ Օլիմպիական խաղերում…

Մեդալ բերելու հնարավորությունը մեծ է: Նա մեծ փորձ ունի: Նրա հետ մեծ հույսեր ենք կապում: Կարծում եմ՝ օլիմպիադայում հանդես կգա նաեւ 71 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Խաչատրյանը:

Հայաստանի հավաքականի հետ համատեղ Աբովյանում մարզվում էր նաեւ Վրաստանի թիմը: Նրանք օլիմպիական ուղեգիր չունեն: Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում մարզումներ անցկացնելը:

Նրանք Բաքվից մեծ հույսեր ունեին՝ ուղեգիր ձեռք բերելու, պայմանավորված՝ երկու պետությունների մեծ բարեկամական կապով: Բայց այդ կապերը նրանց չօգնեցին: Իրենց ֆեդերացիան Սոֆիայի ստուգատեսից առաջ դիմեց մեզ՝ այստեղ՝ Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաքներն անցկացնելու համար: Այստեղ նրանց գրավում է մեր «դպրոցը»: Վերջինս, նրանց համեմատ, ավելի բարձր է, բացի այդ՝ մազրաբազան՝ լողավազանով, սնունդով, դահլիճների հնարավորություններով:

Սպորտում անարդարարությունն եւ մրցավարական կողմնակալությունը հաճախ հանդիպող արատներ են: Մեկնում եք մի երկիր, ուր ձեզ ուրախ չեն տեսնել: Որոշիչ այս մրցաշարում կողմնակալություն նկատելու դեպքում ինչպե՞ս կվարվեք,  չե՞ք վախենում նման իրավիճակներից:

Կողմնակալություն բոլոր մարզաձեւերում լինում է: Թողնելով մեր հայրենասիրությունը մի կողմ, մարզիկն ու մարզիչն առաջին հերթին պետք է շարժվեն ըստ կանոնադրության: Հակառակ դեպքում, եթե դու անգամ ճիշտ ես, մնում ես ներողություն խնդրողի դերում: Այսինքն՝ մենք ուժեղ կլինենք, եթե կարողանանք օրինական ձեւով ապացուցենք մրցավարների սխալը: Շատ դեպքերում մեր մարզիկներն իրենց էմոցիաներով եւ ոչ ճիշտ վարքագծով հասնում են նրան, որ հետո մենք ենք ներողություն խնդրում: Ամեն ինչ պետք է արվի՝ ի շահ քո պետության եւ մարզիկի:

Թուրքիային վստահված միակ օլիմպիական վարկանիշային մրցաշարի անցկացման, ինչպես նաեւ Ադրբեջանում կայացած աշխարհի առաջնության հարցը Դուք բարձրացրել էիք Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի առջեւ: Ինչ պատասխան եղա՞վ:

Ադրբեջանում մեր համար առաջին խնդիրը եղել է մարզիկների անվտանգության ապահովումը: Իրենց կողմից եղել են խախտումներ եւ խոչընդոտող քայլեր, բայց մենք կարողացանք տղաներին անվտանգ տանել եւ բերել: Այդ հարցում մեզ միջազգային ֆեդերացիան օգնեց: Նույնը երեւի կկատարվի Տրապիզոնում, որին կրկին կմիջամտի միջազգային ֆեդերացիան: Սկզբում մրցումները նշանակված էր Ստամբուլում, որտեղ հանրությունն ավելի քաղաքակիրթ է: Բայց վերջնական որոշվեց Տրապիզոնում, ուր, ըստ իս, ազնգայնամոլական հայացքներն ավելի շատ են: Վտանգ միանշանակ կա: Բայց հուսադրողն այն է, որ Տրապիզոնի մրցումների մրցավարների կազմը բաղկացած է լինելու տարբեր մայրցամաքների ներկայացուցիչներից, որպեսզի պահպանվի չեզոքությունը:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով