Հաշվի առնելով հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակը, Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայում (AIBA) ու «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հուլիսի 24-ին արտահերթ գլխավոր ասամբլեա կազմակերպելու որոշումը, որի օրակարգում են ընդգրկված «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին անդամությունից զրկելու ու «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ին ժամանակավոր անդամի կարգավիճակ տալու հարցերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցանկանում է պարզաբանել իրավիճակն ու հայտարարել հետևյալը.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կոչ է անում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ին հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով։ Ֆեդերացիայի ղեկավար կազմում տիրող իրադրությունը չի կարող առիթ հանդիսանալ մարզաձևի միջազգայնորեն ճանաչված, տարիներ շարունակ նվաճումներ արձանագրած ու երկրի պատիվը բարձր պահած ազգային ֆեդերացիայի օրինական գործունեության խոչընդոտման համար։ Այսօրինակ գործընթացները, երբ առկա է անորոշությունների մեծ քանակ, կարող են վտանգել Տոկիոյում 2020 թվականին հայ բռնցքամարտիկների պատշաճ մրցելույթները։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել գործընթացին ու ՀԱՕԿ-ի հետ համատեղ նախապատրաստել Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմին առաջիկա Օլիմպիական խաղերին մինչև ֆեդերացիայի շուրջ ծագած խնդրի հանգուցալուծումը, իսկ այդ հանգուցալուծումը պետք է տրվի բազմակողմ քննարկումների արդյունքում։
Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ, համաձայն ՀՀ պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման 2017 թվականի հուլիսի 24-ին հաստատված կարգի 3-րդ գլխի 3-րդ կետի 10-րդ ենթակետի, ֆինանսական աջակցություն ստանալու համար ֆեդերացիաները պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացման արձանագրությունների քաղվածքը, եթե առաջին անգամ են դիմում ֆինանսական աջակցության համար։ Ինչպես նաև, 3-րդ գլխի 3-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջով ֆինանսավորման համար դիմող ֆեդերացիան պետք է ներկայացնի համապատասխան մարզաձևի միջազգային ֆեդերացիային անդամակցելու վերաբերյալ հիմնավորող փաստաթուղթը և դրա պատճենը։ «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ն չի բավարարում առնվազն այս երկու պահանջներին ու չի կարող ակնկալել պետական ֆինանսական աջակցություն։
ՀԱՕԿ-ը հարցի լուծումը պետք է փնտրի կառուցողական քննարկման դաշտում ու նախևառաջ հարցը քննարկի ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների ամբողջ շրջանակում աջակցել կողմերին ու ապահովել օրենքի պահանջների կատարումը բռնցքամարտ մարզաձևում վարվող պետական քաղաքականությունը կանոնակարգելու համար, ինչպես նաև որոշում կայացնել պետական ֆինանսական աջակցության տրամադրման հարցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում