09:12  +04,  6 հուլիսի, 2019

Լեւոն Աղասյանը անձնական ռեկորդով նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր (ֆոտո)

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար, եռացատկորդ Լեւոն Աղասյանը Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ընթացքում 17 մետր 08 սանտիմետրով անձնական ռեկորդ սահմանեց, նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր եւ միայն 6 սանտիմետրով զիջեց Տոկիո-2020-ի օլիմպիական նորմատիվին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հուլիսի 5-ին Արտաշատում մեկնարկեց աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 110 մարզիկ:

Հայաստանի առաջնությանը մասնակցում են Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակիցներ Լեւոն Աղասյանը, Լիլիթ Հարությունյանն ու Գայանե Չիլոյանը: Ռիոյում հանդես եկած մյուս աթլետները՝ Ամալյա Շառոյանը, Դիանա Խուբեսերյանը եւ Գոռ Ներկարարյանն այլեւս չեն զբաղվում աթլետիկայով:

Հայաստանի առաջնությունն անցավ առանց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի: Ֆեդերացիայի նախագահը գտնվում է Ֆրանսիայում:

Հայաստանի առաջնության գլխավոր մրցավար Տիգրան Սիմոնյանի խոսքով մասնակիցների քանակը գոհացնում է, սակայն դեռ շատ աշխատանքներն կան:

«Մասնակցում է 110 մարզիկ եւ վստահ ենք, որ այսքան մասնակիցների մեջ պետք է լինի նաեւ որակ: Սպորտի նախարարությունն ու ֆեդերացիան խստագույնս հետեւում ենք, որ մասնակից աթլետները լինեն համապատասխան որակավորում ունեցողներ: Ունենք աշխատելու տեղ, բայց ավանդական մրցաձեւերը Հայաստանում բարձր մակարդակի վրա են: Խոսքը հեռացատկի եւ եռացատկի մասին է: Մրցումային առաջին օրը փայլուն հանդես եկավ եռացատկորդ Լեւոն Աղասյանը: Նա 17 մետրից բարձր արդյունք ցույց տվեց, որը յուրաքանչյուր խոշոր մրցաշարում մրցունակ ցուցանիշ է համարվում: Մյուս մրցաձեւերում շատ անելիքներ ունենք: Բայց եթե այս մեղմ ասած, վատ պայմաններում կարողանում ենք աշխատել եւ արդյունքներ գրանցել, արժանի է միայն գովեստի խոսքերի: Շատ քիչ մասնակիցներ ունենք միջին եւ երկար տարածության վազքերում»,- ասաց Տիգրան Սիմոնյանը:

Եռացատկորդ, Հայաստանի առաջատար աթլետ Լեւոն Աղասյանը 17 մետր 08 սմ-ով նվաճեց սեպտեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր: Հայաստանի առաջնությունը վարկանիշային է: Լեւոն Աղասյանը նպատակ ուներ օլիմպիական նորմատիվ լրացնել, սակայն նրան չբավարարեց 6 սմ:

«Ցատկեցի 17.08 սմ: Հրաշալի արդյունք է, բարելավեցի իմ նախորդ ռեկորդը, բայց արդյունքիցս այնքան գոհ չեմ, որքան կարող էի: Բայց սա համաշխարհային մակարդակում բարձր ցուցանիշ է: Ուղղակի գիտեմ, որ կարող եմ ավելին, քան այսօր ցատկեցի: Երբ հասկանում ես, որ կարող ես անել ավելին, ու ինչ-որ բան չի ստացվում, մի փոքր վատ ես զգում դրանից: Ամեն դեպքում այս արդյունքն ինձ մեծ վստահություն է տալիս, որ առաջիկա մրցումներին ավելի վստահ հանդես գամ եւ կբարելավեմ ցուցանիշս:

Այդ 6 սմ-ը պայմանավորված է թափավազքիս հետ կապված խնդրով: Պատճառն այն է, Հայաստանում աթլետիկայով զբաղվելու պայմաններն այդքան էլ բարվոք չեն, կան խնդիրներ, բայց առաջիկայում կաշխատեմ թափավազքիս վրա: Նպատակս օլիմպիական վարկանիշ նվաճելն էր: Պետք է շուտ անեի, բայց ունեի վնասվածքներ, որոնք խանգարեցին: Կարծում եմ՝ առաջիկայում կլրացնեմ վարկանիշս: Հիմա մեկնում եմ Նեապոլ, որտեղ կմասնակցեմ համաշխարհային ունիվերսիադային: Պատրաստ եմ մեկնարկիս: Չեմ կարող ասել, թե որ տեղը կզբաղեցնեմ, բայց աշխատելու եմ այնպես անել, որ բարձր պահեմ իմ երկրի պատիվը:

Ուրախ եմ, որ անձնական ռեկորդ սահմանեցի: Մինչ այս լավագույն արդյունքս 16 մետր 85 սմ էր: Հայաստանի առաջնությունում միակ գոհացնող հանգամանքն այն էր, որ երկու անգամ հաղթահարեցի 17 մետրի արգելքը: Սա ինձ վստահություն է ներշնչում»,- մեկնաբանեց Լեւոն Աղասյանը:

Հայաստանի առաջնության առաջին օր․

Վազք

100 մետր` Ռազմիկ Մկրտչյան (11.18) , Գայանե Չիլոյան (12.02), 

400 մետր՝ Արմեն Հովհաննիսյան (50.8), Գայանե Չիլոյան (56.80),

800 մետր` Լիլիթ Հարությունյան (2.14.37)

1500 մետր՝ Երվանդ Մկրտչյան (3.55.76)

3000 մետր՝ Անգելինա Ավագյան (12.09.22):

400 մետր արագավազք՝ Նարեկ Ղուկազյան (55.04), Ռաիսա Սիմոնյան (1.10.56):

Հեռացատկ՝

Յանա Աբրահամյան (5.94)

Եռացատկ՝

Լեւոն Աղասյան (17.08)

Սկավառակի նետում (կանայք)

Ժաննա Շահնազարյան (50.12)

Գնդի նետում (տղամարդիկ)

Ալբերտ Մարտիրոսյան (16.53)

Նիզակի նետում (կանայք)

Մարիամ Մկրտչյան (37.20)

4 անգամ 100 մետր փոխանցումավազքում հաղթեցին՝ Աթլետիկայի օլիմպիական մարզադպրոցի տղամարդկանց (44.13) եւ կանանց (51.12) թիմերը:

Առաջնությունը կավարտվի հուլիսի 6-ին:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ