15:50  ,  25 հունիսի, 2019

ԵԽ-2019-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը՝ թիավարողների որակազրկման մասին

Մարզիչի անփութությունն է եղել, մեր տղաներին ոչ ոք չի ասել, որ մեկնարկից առաջ էլ պետք է ակտիվացնել հավատարմագրերը: Ամեն դեպքում դա չի անդրադառնա 5000 մետր մրցատարածության վրա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մինսկից ասաց Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը:

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի թիավարության մրցաշարում հունիսի 25-ին Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Մարաբյանն ու Արա Վիրաբյանը որակազրկվել են երկտեղանոց կանոեի 1000 մետրի մրցումից: Հայաստանի ներկայացուցիչներն անցել են մրցատարածությունը, սակայն նրանց արդյունքը չի գրանցվել հավատարմագրերը չակտիվացնելու պատճառով:

«Անհասկանալի իրավիճակ է եղել: Ընդամենը մեկ գործընթաց չէին անցել: Նման բան տեղի չէր ունեցել երբեք: Ամենավերջում՝ ջուր մտնելուց առաջ պետք է եւս մեկ հավատարմագրում անցնեին, չեն անցել անուշադրության պատճառով: Մինչ այդ ամեն ինչ ըստ պահանջի անցել են՝ գրանցվել էին, կշռվել էին, նավակները կշռել էին, եկել, հասել էին արդեն վերջին գործընթացին, վերջին գրանցումը բաց են թողել:

Ընդհուպ, ոչ մեկ չի էլ զգացել, չի նկատել, որ վերջին գրանցում էլ պետք էր անել: Իրենց ոչ մեկը չի ասել, որ ջուր մտնելուց առաջ էլ պետք է հավատարմագրերը ակտիվացնեն: Մեղքն այդքան էլ մեր մարզիկներինն ու մարզիչինը չէ: Կազմակերպիչների մեղավորությունն էլ կա: Բայց այս որակազրկումը ոչնչով չի ազդում մեր վրա, մարզիկների վրա: Մրցատարածությունն անցել են եւ 8-րդ տեղն են ընկել:

Միեւնույն է՝ որակավորման փուլը չեն հաղթահարել եւ դուրս են մնացել այս մրցատարածության պայքարից: Որակավորման փուլի շեմը 7-րդ տեղն էր: Այսինքն՝ սրանով վերջացնելու էին այսօր: Այնպես որ, ոչնչով չի ազդում մեր վրա: Դեռ ունենք 5000 մետր մրցատարածություն եւ արդեն ամենայն ուշադրությամբ կանցնենք բոլոր հավատարմագրումները եւ կմասնակցենք մրցման: Մարզիչի անփութությունն է եղել ընդամենը»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում