13:30  +04,  18 հունիսի, 2019

Դել Բոսկե․ Կփորձեմ հայ մարզիչներին փոխանցել իսպանական փորձը

Իսպանացի աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչ նպատակով է ժամանել Հայաստան, խոսել է ժամանակակից ֆուտբոլի խնդիրների մասին։

«Ինչպես գիտեք, մեր մասնագետներից մեկը՝ Խավիեր Մինյանոն աշխատում է Հայաստանում: Նա է մեզ հրավիրել Հայաստան: Այստեղ եմ դասընթաց անցկացնելու նպատակով: Մեր ընկերներից մեկը Հայաստանում աշխատում է մանկապատանեկան տարիքի երեխաների հետ, մյուսն՝ ազգային հավաքականի հետ: Նրանք ինձ շատ լավ բաներ են պատմել Հայաստանի մասին, իրենք էլ շատ գոհ են այստեղից:

Մարզիչների հետ սեմինարս ընդհանուր զարգացման թեմայով է լինելու՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլից: Հայ մարզիչները պետք է շատ լավ մասնագետներով շրջապատված լինեն՝ ֆիզպատրաստության մարզիչներ, այլ բնագավառների մասնագետներ: Այս ամենը կտանի հայկական ֆուտբոլի զարգացման աճին:

Օրինակ՝ Իսպանիայում շատ ֆուտբոլիստներ ու մարզիչներ երկրից դուրս են գնում աճելու համար: Դրա վառ օրինակը մեր մասնագետների՝ Հայաստանում գտնվելն է եւ դա շատ դրական եմ գնահատում: Այսօր իմ դասախոսության ընթացքում կփորձեմ հայ մարզիչներին փոխանցել իսպանական փորձը: Մենք մեծ փորձ ունենք, գիտենք, թե ինչ խնդիրներ կարող են ծագել թիմերում, գիտենք, թե ինչպես պետք է աշխատել ամենադժվար պահերին:

Հայաստանում կմնամ մի քանի օր: Դեռեւս նախատեսված ծրագրեր չկան, եղել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, այժմ ֆուտբոլի ակադեմիայում եմ եւ կհանդիպեմ հայ մարզիչներին: Այնպես չէ, որ դասախոսությանը ներկա մարզիչներին ինչ-որ դասեր եմ տալու: Նպատակս միմյանց հետ շփվելու հնարավորությունն է եւ փորձի փոխանակումը: Գտնում եմ՝ շատ ճիշտ է, որ այդ հանդիպումը հենց այստեղ՝ ակադեմիայում է անցնելու:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակներին, ցավոք, չենք կարողացել դիտել հանդիպումները, բայց շատ ուշադիր ենք եղել հաշվին: Այս երկու հաղթանակները, միավորներից բացի, նաեւ մեծ ուժ տվեցին Հայաստանի հավաքականին, քանի որ սեպտեմբերին ավելի կարեւոր հանդիպումներ են սպասվում:

Վստահ եմ, որ ամբողջ հայ ազգը կսպասի, որ առաջիկա հանդիպումներում էլ ազգային հավաքականը հնարավորինս լավ խաղ ցույց տա եւ հաղթանակներ գրանցի: Քանի որ առաջիկա երկու հանդիպումները շատ կարեւոր են լինելու Հայաստանի համար, այս երկու հաղթանակներն ասես մի փոքր հանգստացրեցին եւ վստահություն ներշնչեցին հավաքականին եւ դա շատ կարեւոր է: Այժմ արդեն պետք է ազգային հավաքականից պահանջել առաջիկա հանդիպումներում հաղթանակ:

Լավ լիգա ունենալը շատ կարեւոր է ազգային հավաքականի համար: Իսպանիայում լիգայի մակարդակաը շատ ուժեղ է: Վերջին տարիներին միշտ իսպանական թիմերն էին հասնում եզրափակիչներ եւ հաղթում: Այս տարի, իհարկե, չստացվեց, բայց չի փոխում գրանցված արդյունքները՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Աթլետիկո» մեծ արդյունքների են հասել եւ դա օգնում է Իսպանիայի հավաքականին: Վերջին 10 տարիներին ակումբերում հանդես էին գալիս Մեսին եւ Ռոնալդուն, բայց դա վատ չէր անդրադառնում ակումբներում հանդես եկող իսպանացի ֆուտբոլիստների համար: Հակառակն, ավելի օգնում էր: Նաեւ շատ կարեւոր է, դրսում ֆուտբոլիստների հանդես գալը: Մենք տարիներ առաջ ունեինք ֆուտբոլիստներ «Լիվերպուլում», որոնք կազմում էին Իսպանիայի հավաքականի կորիզը: 9 ֆուտբոլիստ ունեինք «Բարսելոնայում»: Սա դրական է ազդում ազգային հավաքականի վրա, այդ ֆուտբոլիստները լավ են համագործակցում հավաքականում:

Նոր տեխնոլոգիաները գնալով զարգանում են: Լավ է, որ VAR համակարգը կա: Բայց այս համակարգը ֆուտբոլում խնդիրներին լիարժեք լուծում չի տալիս. Ֆուտբոլում խնդիրներ էլի կան: Ֆուտբոլը արագ մարզաձեւ է եւ կարող են էլի ինչ-որ խնդիրներ ծագել»,- ասաց Դել Բոսկեն:

Դել Բոսկեի գլխավորությամբ (2008-2016) Իսպանիայի հավաքականը դարձել է 2010թ․ աշխարհի, 2012թ․ Եվրոպայի չեմպիոն։ Մադրիդի «Ռեալը» Դել Բոսկեի ղեկավարությամբ (1994, 1996, 1999-2003) հռչակվել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի Սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս