17:16  ,  29 մայիսի, 2019

Էդգար Ստեփանյան․ Այս տարվա կարեւորագույն նպատակս Եվրոպական խաղերում մեդալ նվաճելն է

Այս տարվա կարեւորագույն նպատակս Եվրոպական խաղերում մեդալ նվաճելն է, Տուլայի մրցաշարից հետո համոզվեցի, որ մեդալ նվաճելու հնարավորություններս մեծ են: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տուլայից ասաց հեծանվասպորտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը:

Հայաստանի առաջատար հեծանվորդը մայիսի 25-28-ը Ռուսաստանի Տուլա քաղաքում կայացած օլիմպիական վարկանիշային «Գրան պրիում» վարկանիշային միավորներ է վաստկել՝ գրանցելով բարձր արդյունքներ: Սկրետչ մրցաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ օմնիումում գրանցել է 10-րդ արդյունքը: Սկրետչ մրցաձեւի եզրափակիչի ուղեգիր է նվաճել առաջին տեղով։

«Տուլայի մրցաշարում իմ մասնակցությունից գոհ եմ: Շատ բարդ պայքարի մեջ էի, ամենահզորներն էին մասնակցում: 10 երկիր էր մասնակցում ընդհանուր առմամբ, բայց յուրաքանչյուր երկրից 5-6 ներկայացուցիչ կար: Շատ դժվար էր ինձ համար, քանի որ ես մենակ էի, ինձ փոխարինող եւ օգնող չկար: Սկրետչ մրցաձեւում կիսաեզրափակչում իմ խմբում միայն 3 աշխարհի չեմպիոն, 3 Եվրոպայի չեմպիոն կար, Ասիական խաղերի չեմպիոն, գերհզորների հետ էի պայքարի դուր եկել: Բայց կիզաեզրափակիչում գրավեցի առաջին տեղ, եզրափակիչում բավարարվեցի 6-րդ տեղով:

Օմնիումի խմբակային վազքում առաջին տեղ զբաղեցրի: Սա իմ ֆավորիտային ձեւն է եւ հենց խմբակային վազքում Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճեցի: Օմնիումի մյուս 3 ձեւերում զբաղեցրեցի 5-րդ, 18-րդ եւ 32-րդ տեղերը: Բայց քանի որ օմնիումի մեկ արդյունք է գրանցվում եւ 4 ձեւերի համար 1 մեդալ է խաղարվում, այս մրցաձեւում ընդհանուր հաշվարկով զբաղեցրի 10-րդ տեղը:

Ուրախալին այն է, որ ծնկիս վնասվածից եւ տեւական դադարից հետո այս տարի մասնակցեցի առաջին մրցաշարիս եւ հաջող ստացվեց այն ինձ համար: Այս բոլոր մրցաշարերը վարկանիշային են Օլիմպիական խաղերի համար, բայց թե որքան միավոր եմ վաստակել, դեռ հրապարակված չէ: Շատ կուզեի, որ մեկ մասնակից էլ ունենայինք միջազգային մրցաշարերում, դա կօգներ մեր ֆեդերացիային բարձր միավորներ ունենալ օլիմպիական ուղեգրի համար: Մեր մարզաձեւում ուղեգիրը հասնում է ֆեդերացիային՝ ըստ միավորների:

Կարեւորն այն է, որ Տուլայի մրցաշարում այնքան միավոր վաստակեցի, որ ինձ կբավարարի եւ իրավունք կտա մասնակցել աշխարհի գավաթի փուլերին: Կմասնակցեմ Եվրոպական խաղերին եւ առանձին իմ ֆավորիտային ձեւեւրում՝ խմբակային վազք, սկրետչ, մեդալ նվաճելու մեծ ակնկալիքներ ունեմ: Այս մրցաշարն ինձ հոգեբանորեն տրամադրեց, որ կարող եմ Եվրոպական խաղերում պայքարել մեդալի համար որեւէ ձեւում, այսպես ասած՝ ինքնավստահություն ներշնչեց: 7 ամիս մրցաշարի չէի մասնակցել, պայքարի մեջ չէի մտել: Այժմ, հատկապես Տուլայի մրցաշարից հետո, ավելի վստահ եմ իմ ուժերի վրա:

Այս տարվա կարեորագույն նպատակս Եվրոպական խաղերում մեդալ նվաճելն է: Հույս ունեմ իմ հենակետային ձեւերից մեկում ինձ կհաջողվի եթե ոչ ոսկե մեդալ, ապա գոնե մրցանակային տեղ զբաղեցնել: Դեռեւս երկու վարկանիշային մրցաշար ունեմ Ռուսաստանում: Մայիսի 30-ին այստեղից կմեկնեմ Մոսկվա, որտեղ հունիսի 1-ին կմասնակցեմ հերթական մրցաշարին: Այստեղ հանդես կգամ միայն օմնիում մրցաձեւում, հունիսի 7-8-ն էլ կմասնակցեմ Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարին: Այստեղ պայքարի մեջ կմտնեմ խմբակային վազքում»,- ասաց Էդգար Ստեփանյանը։

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում