14:38  ,  24 մայիսի, 2019

Սասուն Միքայելյանի հովանավորությամբ ծածուկ նախագահ ընտրեցին «Վերջին զանգի» օրը (Live)

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել գործարար Դավիթ Պողոսյանը։  Մայիսի 24-ին Երկրապահ կամավորների միության շենքում նախատեսված էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի համագումար, որի օրակարգում նոր նախագահի ընտրության հարցն էր:

Ֆեդերացիայի նախագահության անդամներից մի քանիսը եւ ֆեդեացիայի ղեկավարության դեմ բողոքող մի խումբ մարզիչներ եւ մարզիկներ, Հայաստանի հավաքականի անդամներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԵԿՄ շենքի առջեւ:

ՀԹՖ խորհդի անդամ Արսեն Ավետիսյանի խոսքով, ԵԿՄ-ի շենքում ընթացող նախագահի ընտրությունն անցնում է օրենքի խախտումներով: «Մենք եկել ենք խոչընդոտելու ընթացող նախագահի ընտրությունը, քանի որ այն անօրինական է եւ չպետք է կայանա»,- նշեց Արսեն Ավետիսյաը:

Բողոքի ակցիա իրականցնողները մտան ԵԿՄ շենք, սակայն համագումար անցկացնող ֆեդերացիայի ղեկավարությունը շենքի ետնամուտքից հեռացել էր: ՀԹՖ նախագահի ընտրությունն արդեն կայացել էր եւ միաձայն նախագահ էր ընտրվել Վարդան Ղահրամանյանի առաջադրած թեկնածու Դավիթ Պողոսյանը:

««Վերջին զանգի» օրը, Երկրապահների շենքում հրավիրել են նիստը, փորձեցին ծածուկ անել, ընտրել նախագահ՝ վստահ լինելով, որ ունեն Սասուն Միքայելյանի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հովանավորությունը։ Մենք ունենք մեր թեկնածուն, բայց երկու օրում չէինք կարող առաջադրել»,- ասաց «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը, որը չի կարողացել մասնակցել համաժողովին։

Բողոքի ակցիա իրականացնողներին թույլ չտվեցին մնալ ԵԿՄ շենքում, բողոքող մարզիչների եւ ԵԿՄ անդամների միջեւ քաշքշուկ սկսվեց, քանի որ ԵԿՄ անդամները փակել էին բողոքող մազիչների եւ մարզիկների մուտքը շենք, որպեսզի հնարավորություն տային այդ ընթացքում համագումար անցկացնղներին հեռանալ հետնամուտքից:

Բողոքող մարզիչներն ու մարզիկները պնդում էին, որ ֆեդերացիայի համագումարն անցնում է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հովանավորչությամբ: Բայց կայացած համագումարին Սասուն Միքայելյանը ներկա չէր: Համագումարի ընթացքում ՀԹՖ նախագահ ընտրվեց Դավիթ Պողոսյանը, Վարդան Ղահրամանյանը ֆեդերացիայի փոխնախագահ, իսկ Գեւորգ Դանիելյանը, որը նախկինում հավաքականի գլխավոր մարզիչն էր, գլխավոր քարտուղար: ՀԹՖ խորհրդի անդամ Արսեն Ավետիսյանի խոսքով, ընտրությունն անցկացվել է գաղտնի եւ պատշաճ չի ծանուցվել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում