03:55  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Վարդան Փահլեւանյանը չցատկեց. սա տապալում էր. մեկնաբանություն

«Վարդանը չցատկեց. սա տապալում էր: Դժվարանում եմ մեկնաբանել, թե ինչու չհաջողվեց Վարդանին ցատկերը, քանի որ այնտեղ չեմ: Վարդանից այսքան ցածր արդյունք ես չէի սպասում: Նրանից ակնկալում էի ամենաքիչը 8 մետր: Կարծում եմ` նրան քամին է խանգարել»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանը ներկայացնող հեռացատկորդների ելույթը Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեկնաբանեց օլիմպիական Վարդան Փահլեւանյանի անձնական մարզիչ Զաուր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Վարդան Փահլեւանյանին ու Արսեն Սարգսյանին չհաջողվեց հաղթահարել հեռացատկի օլիմպիական մրցաշարի որակավորման փուլը եւ երկու հեռացատկորդներն էլ դուրս մնացին հետագա պայքարից:

Արսեն Սարգսյանը լավագույն փորձի ժամանակ ցույց տվեց 7.62 մ արդյունք` գրավելով  25-րդ տեղը, Վարդան Փահլեւանյանը` 6.55 մ արդյունքով զբաղեցրեց  վերջին տեղը:  

Զաուր Սարգսյանի կարծիքով Վարդան Փահլեւանյանը չցուցադրեց իր կարողությունները, բայց նա ընդունակ էր ցատկել ամենաքիչը 8 մետր:

«Վարդանը չցատկեց. սա տապալում էր: Դժվարանում եմ մեկնաբանել, թե ինչու չհաջողվեց Վարդանին ցատկերը, քանի որ այնտեղ չեմ: Առաջին փորձի ժամանակ նա տրորեց հրման տախտակը,  երկրորդ փորձի ժամանակ կարելի է ասել, որ չցատկեց, քանի որ ցույց տվեց վեց մետր արդյունք, իսկ դա արդյունք չէ: Երրորդ փորձում նա կրկին տրորեց տախտակը:

Չգիտեմ… Չեմ կարողանում հասկանալ… Ես նրանից 6 մետր արդյունք չէի սպասում: Վերջին անգամ նրա հետ զրուցել եմ երեկ երեկոյան, վիճակը շատ լավ էր, լավ տրամադրությամբ: Բայց ստացվեց ձախողում»,- ասաց Զաուր Սարգսյանը:

Վարդան Փահլեւանյանի մարզիչը վստահեցնում է, որ հեռացատկորդի հնարավորություններն ավելին էին.

«Վարդանից այսքան ցածր արդյունք ես չէի սպասում: Նրանից ակնկալում էի ամենաքիչը 8 մետր: Կարծում եմ` նրան քամին է խանգարել: Նա միշտ քամուց վախեցել է, եւ քամին նրան խանգարել է: Լոնդոն մեկնելուց առաջ էլ, ասում էր, որ վախենում է` ցատկի ժամանակ քամի չլինի հանկարծ: Առաջին ցատկի ժամանակ հանդիպակաց քամի կար, երեւի քամին է խանգարել է, որ տրորել է հրման տախտակը: Երկրորդի ժամանակ քամի չի եղել: Երրորդի ժամանակ քամի չի եղել, բայց նա անզգուշաբար կրկին տրորել է տախտակը:

Նա միշտ էլ քամու եւ հրման տախտակը տրորելու խնդիր ունեցել է: Բայց Խաղերից առաջ վերջին մարզումների ընթացքում այդ խնդիրը եւ քամու հանդեպ վախն այլեւս չկար: Ամեն ինչ նորմալ էր նրա մոտ:

Մենք երկար տարիներ մեր ամբողջ ջանքն ու եռանդը ներդրել ենք օլիմպիական մասնակցության իրավունք ձեռք բերելու համար: Բայց ամեն ինչ ավարտվեց ձախողումով:

Նեղվում եմ, նստած մտածում եմ, թե ինչու այսպես ստացվեց… Եվ ոչ միայն Վարդանի, այլեւ բոլորի համար եմ սրտնեղում: Ինչու պիտի անհաջողությունների այսպիսի շարք ունենանք: Մանրամասն հետեւում եմ բոլոր մեր մարզիկների ելույթներին:

Հասկանալի է` մրցակցությունը մեծ է Օլիմպիական խաղերում: Այստեղ չեն կարող թույլ մարզիկներ լինել: Վարդանն էլ թույլերի շարքին չէր դասվում, բայց նա չցատկեց»,- եզրափակեց Զաուր Սարգսյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով