14:36  ,  29 հուլիսի, 2012

Ալբերտ Ազարյան. Լոնդոնում անելիք չունեմ, վերադառնում եմ Հայաստան

Ես այստեղ անելիք չունեմ. ստացվեց, որ հենց այնպես հասել եմ Լոնդոն: Եթե ես չէի տանելու Հայաստանի դրոշը, էլ ինչու եկա… Կամ ինչու մնամ: Վերադառնում եմ Հայաստան:
Այսօր` հուլիսի 29-ին, Օլիմպիական խաղերի երկրորդ օրը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարմնամարզության օլիմպիական եռակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:

NEWS.am Sport-ը տեղեկացրել էր, որ  Խաղերի կազմակերպիչներն արգելել էին բացման արարողության ժամանակ Ալբերտ Ազարյանին տանել Հայաստանի դրոշը: Պարզվում է, որ արգելքի պատճառը ոչ թե տարիքային սահմանափակումն է եղել, այլ այն, որ դրոշակակիրը պետք է պարտադիր լինի Խաղերի մասնակից: Այս փաստը վրդովեցրել է Ալբերտ Ազարյանին, եւ նա այսօր` հուլիսի  29-ին վերադառնում է Հայաստան:

NEWS.am Sport-ի թղթակիցը, նախքան Ալբերտ Ազարյանի վերադարձը, զրուցեց նրա հետ:

Պարոն Ազարյան, ի՞նչ տրամադրություն ունեք:

Ոչինչ: Արդեն նորմալ է: Արդեն վերադառնում եմ: Հեռանում եմ օլիմպիական ավանից:

Ինչո՞ւ եք վերադառնում, չեք ցանկանում մինչեւ վերջ մնալ մեր օլիմպիականների կողքին:

Չէ… Տրամադրություն չունեմ մինչեւ վերջ մնալու: Տրամադրություն չի մնացել… Միջազգային օլիմիական կոմիտեն խլեց իմ տրամադրությունը՝ ինձ արգելելով Հայաստանի դրոշը տանել:

Իսկ ո՞րն էր այդ արգելքի իրական պատճառը, քանի որ ըստ նախնական հայտարարության, պատճառը տարիքային սահմանափակումն էր:
 
Պատճառը Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր որոշումն է, որ այսուհետեւ Օլիմպիական խաղերի ժամանակ մասնակից երկրի դրոշը պետք է տանի միայն մասնակիցը: Հակառակ դեպքում, կտուգանվի այդ երկիրը: Բացի մասնակցից, ոչ ոք իրավունք չունի տանել դրոշը: Այս մասին մենք իմացանք Խաղերի բացումից երկու օր առաջ, երբ արդեն այստեղ էինք` օլիմպիական ավանում: Իսկ ես եկել հասել եմ այստեղ, թե ինչի համար, չգիտեմ…  Պետք է նախապես տեղյակ պահեին, իսկ նրանք տեղյակ չեն պահել…

Նեղացա՞ծ եք վերադառնում:

Դա ճիշտ վերաբերմունք չէ: Եթե դրոշը տանում է անվանի մարզիկը, ով իր ամբողջ կյանքը նվիրել է սպորտին եւ մասնավորապես Օլիմպիական խաղերին, դա ուղերձ է մասնակիցներին, որ դուք էլ պետք է այնքան լավ մասնակցեք եւ ոսկե մեդալներով վերադառնաք, որ կարողանաք արժանանալ դրոշը տանելու պատվին: Հիմա Միջազգային օլիմպիական կոմիտեն, թե ինչ է գտել դրա մեջ, այդպես էլ չհասկացա: Ցանկանում եմ շուտ վերադառնալ Հայաստան: Ոչ էլ ուզում եմ հետաքրքրվեմ այս հարցերով:

Իսկ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ նման խնդրիներ ծագե՞լ էին:

Ոչ մի խնդիր չենք ունեցել Պեկինում: Որոշված էր, որ ես պետք է տանեմ Հայաստանի դրոշը, այդպես էլ եղավ: Իսկ այս անգամ նույնիսկ չեն էլ նախազգուշացրել, որ դրոշակակիր մի բերեք, քանի որ մասնակիցը պետք է տանի: Ոչ մի պետության չեն զգուշացրել: Այնպես չի, որ միայն Հայաստանն է անտեղյակ եղել: Տեղում են հայտնել: Իսկ եթե իմանայի այդպես էր, ինչու էի վեր կենում գալիս, իզուր տեղը: Դա անելու բան չէր…

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով