18:55  ,  3 հունիսի, 2017

Գեւորգ Ղազարյանն՝ առողջական վիճակի, Հրայր Մկոյանը՝ առաջիկա խաղի մասին

Ֆուտբոլի Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի դեմ առաջիկա ընկերական հանդիպումից առաջ ավանդական նախաղային ասուլիսին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մասնակցել են պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը եւ Թեհրանի «Էստեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը:

Գեւորգ Ղազարյան.

«Առողջական վիճակս օրեցօր լավանում է: Մեկ ամսից նորից կգնամ Գերմանիա եւ այնուհետեւ կմիանամ թիմիս եւ կշարունակեմ վերականգնողական փուլս: Հուսով եմ, որ սեպտեմբերին կվերսկսեմ մարզումներս: Շնարհակալ եմ ֆուտբոլի ֆեդերացիային աջակցության համար: Ակումբում տխրեցին, որ կորցրեցրին ինձ մի քանի ամսով, սակայն ըմբռնումով մոտեցան»:

Հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում ծնկի ծանր վնասվածք ստացած Գեւորգ Ղազարյանը վիրահատվել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում մարտին: Ղազարյանը ղազախների հետ խաղի առաջին րոպեին վնասվածքը ստացել էր մրցակցի դարպասապահի հետ բախվելու հետեւանքով եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:

Հրայր Մկոյան.

«Մարզավիճակս լավ է: Ակումբային վերջին խաղում կրկին վնասվածք էի ստացել, սակայն արդեն լիարժեք մարզվում եմ հավաքականի հետ: Մարզիչները պատմել են մեզ առաջիկա մրցակցի մասին, այնպես որ պատրաստ ենք հանդիպմանը: Շատ բան չգիտեինք Սենթ Քիթսի հավաքականի մասին»:

Մայիսի 30-ին Իրանի փոխչեմպիոն «Էստեղլալը» ասիական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնին» պարտվել է 1:6 հաշվով: Մկոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Առաջին խաղում «Էստեղլալը» տանը հաղթել էր նվազագույն հաշվով:

Հունիսի 4-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան - Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: 

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում