20:49  ,  17 հուլիսի, 2012

Չեմպիոնների լիգա. «Ուլիսի» անհաջող մեկնարկը (ֆոտոռեպորտաժ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ուլիսը» պարտությամբ մեկնարկեց Չեմպիոնների լիգայում (ֆոտոռեպորտաժ):

Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի որակավորման երկրորդ փուլում Սեւադա Արզումանյանի թիմը նվազագույն հաշվով պարտվեց Մոլդովայի 11-ակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»:

Երեւանի Հանրապետական ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում: «Ուլիսն» ավելի ակտիվ սկսեց խաղը, սակայն առաջին իրական գոլային պահը տեղծվեց Հայաստանի չեմպիոնի դարպասի մոտ: «Ուլիսի» պաշտպանների կոպիտ սխալի հետեւանքով «Շերիֆի» հարձակվող Դարվին Ռիոսը մեն-մենակ դուրս եկավ Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասի մոտ, սակայն բոլիվացու հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Րոպեներ անց մոլդովացիները եւս մեկ 100 տոկոսանոց գոլային պահ ունեցան: Այս անգամ «Շերիֆի» կիսապաշտպան Սերգեյ Գեորգիեւը հարմար դիրքից շեղ հարվածեց: Առաջին խաղակեսի վերջնամասում հիանալի գոլային պահ ունեցան նաեւ երեւանցիները: «Ուլիսի» հարձակվող Շոթա Ջիքիան ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ եւ հարվածեց դարպասին, սակայն գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:

Ընդմիջումից հետո ավելի վտանգավոր էին գործում հյուրերը: 61-րդ րոպեին «Շերիֆը» բացեց հաշիվը: Անկյունայինի խաղարկման արդյունքում մոլդովացի կիսապաշտպան Սերգեյ Գեորգիեւը ուժեղ հարվածով գրավեց Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասն՝ առաջ մղելով «Շերիֆին»: Հանդիպման մնացած ժամակահատվածում Սեւադա Արզումանյանի չկարողացավ իրական սպառնալիք ստեղծել մրցակցի դարպասի մոտ: «Շերիֆը» հաղթեց նվազագույն հաշվով եւ հիանալի հնարավորություն ստացավ հաջորդ փուլ դուրս գալու համար:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Տիրասպոլի «Շերիֆ» ստադիոնում:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Ուիլս» - «Շերիֆ»՝ 0:1

Սերգեյ Գեորգիեւ, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս