Աստված երրորդություն է սիրում եւ ես վստահ եմ, որ երրորդ անգամ հայ շախմատիստները ոսկե մեդալներով կվերադառնան օլիմպիադայից, Ջերմուկում շախմատի կանանց Գրան պրի մրցաշարի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իրլյումժինովը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
«Ամեն անգամ գալով Հայաստան ՝ ես եւ ՖԻԴԵ-ի բոլոր անդամները զգում ենք, թե որքան կարեւոր եւ սիրված է շախմատը այստեղ: Բացի ուժեղ շախմատիստներից, Հայաստանը առանձնանում է նաեւ շախմատի հանդեպ հասարակության ուշադրությունով:
Ուրախ եմ, որ Հայաստանում շախմատը այսքան սիրված է: Գուցե դա էլ հանդիսացավ գլխավոր շարժառիթը, որ ՖԻԴԵ-ն որոշեց Հայաստանին հանձնել կանանց Գրան պրին անցկացնելու հնարավորությունը: Պատահական չէ, որ Հայաստանը շախմատը դարձրեց հանրակրթական պարտադիր առարկա դպրոցներում:
Մեկ ամսից Թուրքիայում կմեկնարկի Համաշխարհային օլիմպիադան: Աստված երրորդություն է սիրում, եւ ես վստահ եմ, որ երրորդ անգամ հայ շախմատիստները ոսկե մեդալներով կվերադառնան օլիմպիադայից»,- նշեց Կիրսան Իրլյումժինովը:
Հուլիսի 16-28-ը Ջերմուկում աշխարհի յոթ երկրներից ներկայացած 12 ուժեղագույն շախմատիստուհիներ կպայքարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի եւ չեմպինուհու հավանորդի կոչման համար: Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվող միջազգային մրցաշարը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի եւ «Գլոբալ Չեսս»-ի հովանու ներքո:
Հանդիսավոր արարողությամբ ուշ երեկոյան Ջերմուկում բացվեց կանանց Գրան պրի մրցաշարը:
Կանանց Գրան պրին բացվեց Հայաստանի հիմնով, ապա միմյանց հաջորդեցին յոթ մասնակից երկրների հիմները:
Կայացավ նաեւ մրցաշարի վիճակահանությունը, որի համար կազմակերպիչները պատրաստել էին բեմադրություն: Յուրաքանչյուր մասնակից իր համար ընտրեց շախմատային զինվոր: Զինվորները թագադրեցին իրենց մասնակիցներին, իսկ թագերի ետնամասում պահված էր մասնակիցների համարները:
Պատվավոր հյուրերի բացման խոսքից հետո մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը շարունակվեց համերգային ծրագրով:
Առաջին տուրը կկայանա վաղը` հուլիսի 17-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում