01:36  ,  11 հուլիսի, 2012

Անգլիայի թագուհին դիմավորեց օլիմպիական կրակը

Հուլիսի 10-ին օլիմպիական ջահի փոխանցումավազքը հասել է Վինձորի թագավորական պալատ, որտեղ այն դիմավորել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, հաղորդում է արքունիքի մամուլի ծառայությունը:  

Այդ փուլում ջահը տանում էր 74-ամյա Ջինա Մակգրեգորը: Ճանապարհին նա անձրեւի տակ է ընկել եւ Վինձորի տարածք է մտել ամբողջովին թրջված:

«Առավոտյան ես ավելի լավ տեսք ունեի»,- թագուհու եւ նրա ամուսնու` Էդինբուրգի դքսի հետ եղանակի քննարկման ժամանակ կատակել է Մակգրեգորը:

Այնուհետեւ Եղիսաբեթն ու Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեբաստյան Կոեն հանդիպել են դպրոցականների եւ երեխաների հետ, որոնք պատրաստել էին ջահի թղթե պատճենները:

Վինձորում փոխանցումավազքի համար վառել են հաջորդ ջահը, որը շարունակել է տանել 12-ամյա Ֆիլ Ուելսը: Իր կառավարման 60 տարվա ընթացքում թագուհին երբեք չէր տեսել օլիմպիական կրակը, եւ նա մոտեցել է, որպեսզի տեսնի, թե ինչպես է ջահը լամպից բոցավառվում:

Հուլիսի 10-ին փոխանցումավազքին մասնակցել են բազմաթիվ հայտնի մարզիկներ, այդ թվում թիավարող, օլիմպիական բազմակի չեմպիոն Սթիվ Ռեդգրեյվը: Նախկինում հանրահայտ բրիտանացի աթլետ, 83-ամյա Ռոջեր Ջիլբերթ Բանիսթերը նույնպես մասնակցել է փոխանցումավազքին` իր հատվածը անցնելով Օքսֆորդի ստադիոնի վազքուղիով:

Օլիմպիական կրակը Լոնդոն կհասնի հուլիսի 26-ին, հաղորդում է Rsport.ru-ն: 

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով