00:38  ,  20 հոկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Գվարդիոլայի տակտիկան չաշխատեց Բարսելոնայում. Մեսիի հեթ-տրիկն ու օրվա արդյունքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 19-ին անցկացվեցին A, B, C, D խմբերի երրորդ տուրի խաղերը:

«Բարսելոնան» C խմբում ընդունեց Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիին» եւ հաղթեց 4:0 հաշվով: Անգլիական ակումբը բավական ակտիվ էր սկսել խաղը եւ սկզբնամասում պրեսինգի էր դիմում նաեւ մրցակցի կիսադաշտում: 17-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին օգտվեց «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանության սայթաքումից եւ բացեց հաշիվը: Գոլից հետո կատալոնացիները սկսեցին ավելի վստահ գործել, բայց առաջին խաղակեսում հյուրերն ունեցան հաշիվը հավասարեցնելու մի քանի պահեր, որոնք չօգտագործեցին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոն ձեռքով խաղաց տուգանային հրապարակից դուրս եւ, ստանալով կարմիր քարտ, «Մանչեսթեր Սիթիին» թողեց 10 խաղացողներով: Քիչ անց Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:0: Շուտով հյուրերն ունեցան հաշիվը կրճատելու հնարավորություն, սակայն բելգիացի Կիեւի Դե Բրույնեի հարվածը վտանգավոր չստացվեց հարմար դիրքից:

«Բարսելոնան» ուներ տարածքային առավելություն, իսկ երրորդ գոլը չուշացավ: Մեսիին հեթ-տրիկի հեղինակ դառնալ օգնեց գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի սխալ փոխանցումը, որից հետո Լուիս Սուարեսը դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց արգենտինացի հարձակվողին: 73-րդ րոպեին նաեւ «Բարսելոնան» մնաց 10 խաղացողներով, սակայն դա ոչինչ չտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Դաշտի տերերն էլ վերջնամասում խփեցին նաեւ չորրորդ գոլը: Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը րոպեներ առաջ վրիպել էր 11 մետրանոցից: 

C խմբի մյուս խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Շոտլանդիայում 2:0 հաշվով ուժեղ գտնվեց «Սելթիկից»:

A խմբում «Արսենալը» Մեսութ Օզիլի հեթ-տրիկի օգնությամբ Լոնդոնում 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ, իսկ ՊՍԺ-ն տանը խոշոր հաշվով հաղթեց շվեյցարական «Բազելին»՝ 3:0:

B խմբում իտալական «Նապոլին» տանը 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց թուրքական «Բեշիկթաշից», իսկ Լիսաբոնի «Բենֆիկան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Կիեւի «Դինամոյի» նկատմամբ:

D խմբում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց հոլանդական ՊՍՎ-ին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» Ռուսաստանում հաղթեց «Ռոստովին»՝ 1:0:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

A խումբ

«Արսենալ» (Անգլիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 6:0

Ալեքսիս Սանչես, 12, Թեո Ուոլքոտ, 42, Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 46, Մեսութ Օզիլ, 56, 83, 87

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 3:0

Անխել Դի Մարիա, 40, Լուկաս Մոուրա, 62, Էդինսոն Կավանի, 90+3 (11մ)

B խումբ 

«Նապոլի» (Իտալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 2:3

Դրիս Մերտենս, 30, Մանոլո Գաբիադինի, 69 (11մ) – Ադրիանո, 12, Վենսան Աբուբակար, 38, 86

Չիրացված 11 մետրանոց՝ Լորենցո Ինսինյե, 50 («Նապոլի»)

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0:2

Էդուարդո Սալվիո, 9 (11մ), Ֆրանկո Չերվի, 55

C խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 4:0

Լիոնել Մեսի, 17, 61, 69, Նեյմար, 89

Հեռացումներ՝ Ժերեմի Մաթյո, 73 («Բարսելոնա») – Կլաուդիո Բրավո, 53 («Մանչեսթեր Սիթի»)

Չիրացված 11 մետրանոց՝ Նեյմար, 87 («Բարսելոնա»)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բորուսիա Մ.» (Գերմանիա)՝ 0:2

Լարս Շտինդլ, 57, Անդրե Հան, 77

D խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 4:1

Թոմաս Մյուլեր, 13, Ջոշուա Կիմիխ, 21, Ռոբերտ Լեւանդովսկի, 59, Արյեն Ռոբեն, 84 – Լուսիանո Նարսիխ, 41

«Ռոստով» (Ռուսաստան) -  «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0:1

Յաննիկ-Ֆերեյրա Կարասկո, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում