11:16  ,  15 սեպտեմբերի, 2016

Միշա Ալոյան. Երբեք ոչ մի արգելված դեղամիջոց չեմ օգտագործել

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հերքել է արգելված դեղամիջոց օգտագործելու մասին լուրերը: Fance Bears հաքերական խումբը հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տվյալների բազան կոտրելու միջոցով ստացած փաստաթղթեր, որտեղ նշված է նաեւ Միշա Ալոյանի անունը: Օլիմպիական եզրափակիչի օրը նրա մեզի մեջ հայտնաբերվել է արգելված տուամինոգեպտան նյութ, որը անոթներ նեղացնող դեղամիջոց է եւ լինում է քթի կաթիլների մեջ մրսածության դեմ:

«Ինչպես կարելի է դոպինգ օգտագործել ամենօրյա հսկողության տակ: Դրա իմաստը չկա: Ես երբեք ոչի մի արգելված դեղամիջոց չեմ ընդունել: Դա իմ կյանքի սկզբունքն է: Հիմար պետք է լինես, որ Օլիմպիական խաղերից առաջ, այդպիսի ուշադրության եւ հսկողության պայմաններում դոպինգ օգտագործես»,- Միշա Ալոյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն:

Միշա Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցոը հայտնել է, որ դոպինգ թեստի արդյունքի մասին իրենց տեղյակ են պահել Օլիմպիական խաղերից առաջ: Սոչիում անցկացված մարզումային հավաքի ժամանակ Միշա Ալոյանը մրսածություն է ունեցել եւ ընդունել է նշված դեղամիջոցը, որը թույլատրված է մարզումային փուլի ժամանակ, սակայն արգելված է մրցումների ընթացքում:

«Այժմ հետաքննություն կանցկացնի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը: Եթե կողմնակալություն չլինի, ապա որակազրկման մասին խոսք լինել չի կարող: Այդ կաթիլները բժիշկն է նշանակել մարզումային փուլի ընթացքում: Մրցումների ժամանակ մարզիկը դրանք չի օգտագործել: Հավանաբար, մեզի մեջ մնացել են չնչին հետքեր: Այսպիսի դեպքերի 99 տոկոսն ավարտվում է նկատողությամբ, սակայն որակազրկում չի կարող լինել»,- ասել է Կրավցովը:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը Fance Bears խումբը կապում է Ռուսաստանի իշխանությունների հետ եւ դատապարտել է խմբի գործողությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում