00:51  ,  21 հունիսի, 2016

Եվրո-2016. Ուելսը հաղթեց B խմբում, Անգլիան փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով (ֆոտոշարք)

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբից առաջին ու երկրորդ տեղերով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Ուելսի ու Անգլիայի հավաքականները:

Երրորդ տուրում Անգլիայի հավաքականը Սենտ Էթյենում գոլազուրկ ոչ ոքի խաղաց Սլովակիայի հետ, իսկ Ուելսը Թուլուզում 3 անպատասխան գնդակ ուղարկեց ռուսների դարպասը եւ խմբում գրավեց առաջին տեղը:

Սենտ Էթյենում կայացած խաղի առաջին խաղակեսում անգլիացիներն ունեին ոչ մեծ առավելություն: Սլովակիայի գրոհները վտանգավոր չէին ստացվում, իսկ Անգլիան կորցրեց մի քանի իրական գոլային պահ: Հարմար դիրքերից վրիպեցին Ջեյմի Վարդին ու Ադամ Լալանան:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում 2 թիմերն էլ բավական ակտիվ էին եւ իրար հետեւից ստեղծում էին իրական գոլային պահեր, որոնք իրացնել չէր հաջողվում: Սլովակներն աստիճանաբար սկսեցին մտածել գոլ բաց չթողնելու մասին եւ պաշտպանվում էին մեծ ուժերով, իսկ անգլիացիների բազմաթիվ գրոհներն արդյունավետ չստացվեցին՝ 0:0:

Թուլուզում Ուելսի հավաքականը 2 գոլ խփեց մեկնարկային 20 րոպեներին, իսկ ընդմիջումից հետո Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյը նաեւ երրորդ գնդակն ուղարկեց ռուսների դարպասը եւ 3 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

Ուելսը խմբային փուլն ավարտեց 6 միավորով, Անգլիան՝ 5, Սլովակիան՝ 4, իսկ մեկ միավոր հավաքած ռուսները լքեցին պայքարը: Սլովակիան հավակնում է փլեյ-օֆֆ դուրս գալ երրորդ տեղով:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Ավելի վաղ A խմբից փլեյ-օֆֆ էին դուրս եկել Ֆրանսիան ու Շվեյցարիան:

Եվրո-2016, երրորդ տուր, B խումբ

Սլովակիա - Անգլիա՝ 0:0

Սլովակիա. Մատուշ Կոզաչիկ, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Յան Դյուրիցա, Տոմաշ Հուբոչան, Օնդրեյ Դուդա (Դուշան Սվենտո, 57), Մարեկ Համշիկ, Յուրայ Կուցկա, Վլադիմիր Վայս (Միլան Սկինիար, 78), Ռոբերտ Մակ, Վիկտոր Պեչովսկի (Նորբերտ Գյոմբեր, 67):

Անգլիա. Ջո Հարթ, Նատանիել Կլայն, Քրիս Սմոլինգ, Գերի Կեհիլ, Ռայան Բերտրան, Էրիկ Դայեր, Ջերդան Հենդերսոն, Ադամ Լալանա (Դելի Ալե, 60), Ջեկ Ուիլշիր (Ուեյն Ռունի, 56), Ջեյմի Վարդի, Դանիել Սթարիջ (Հարի Քեյն, 76):

Ռուսաստան - Ուելս՝ 0:3

Աարոն Ռեմզի, 11, Նիլ Թեյլոր, 20, Գարեթ Բեյլ, 67

Ռուսաստան. Իգոր Ակինֆեեւ, Իգոր Սմոլնիկով, Սերգեյ Իգնաշեւիչ, Վասիլի Բերեզուցկի (Ալեքսեյ Բերեզուցկի, 46), Դմիտրի Կոմբարով, Դենիս Գլուշակով, Պավել Մամաեւ, Ռոման Շիրոկով (Ալեքսանդր Գոլովին, 52), Ֆյոդոր Սմոլով (Ալեքսանդր Սամեդով, 70), Ալեքսանդր Կոկորին, Արտյոմ Ձյուբա:

Ուելս. Ուեյն Հենեսի, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեստեր, Կրիստոֆեր Գանտեր, Ջոյ Լեդլի (Էնդի Քինգ, 76), Ջո Ալեն (Դեւիդ Էդվարդս, 74), Աարոն Ռեմզի, Ջոնաթան Ուիլյամս, Գարեթ Բեյլ (Սայմոն Չերչ, 82):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս