18:48  ,  9 հունիսի, 2016

Գեւորգ Մանուկյան. Անվտանգության երաշխիք ինձ ոչ ոք չտվեց եւ Բաքու չեմ մեկնի

2015թ. Բաքվում կայացած Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Գեւորգ Մանուկյանը Ուկրաինայի հավաքականի կազմում չի մեկնի Բաքու՝ բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, որը տեղի կունենա հունիսի 16-25-ին, հաղորդում է haqqin.az-ը:

«Այս անգամ ինձ ոչ ոք անվտանգության երաշխիք չտվեց Ադրբեջան մեկնելու համար: Ծնողներս եւս դեմ են»,- ասել է Գեւորգ Մանուկյանը:

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դմիտրի Սոսնովսկին եւս դեմ է Մանուկյանի մասնակցությանը Բաքվի մրցաշարին:

«Այնտեղ, կարծես, զինադադար է, կարծես՝ բանակցություններ են, բայց միեւնույն է, դա հակամարտություն է: Մանուկյանի մեկնելը նպատակահարմար չէ»,- ասել է Սոսնովսկին:

Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայի հետ բանակցում է Վենեսուելայում կայանալիք պրոֆեսիոնալների համար վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Մանուկյանի մասնակցությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը եւս հրաժարվել է մասնակցել Բաքվի մրցաշարին եւ այժմ համատեղ հավաք է անցկացնում Կիեւում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում