11:15  ,  4 հունիսի, 2016

Մահացել է լեգենդար Մուհամեդ Ալին

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին հունիսի 3-ին մահացել է 74 տարեկան հասակում, գրում է BBC-ն:

Օլիմպիական չեմպիոնը նախօրեին ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում հոսպիտալացվել էր շնչառական համակարգի խնդիրների պատճառով: Այդ ախտորոշմամբ նա առաջին անգամ չէր հայտնվում հիվանդանոցում: 2014 թվականին պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը հոսպիտալացվել էր թոքաբորբի պատճառով:

Մուհամեդ Ալին երկար տարիներ տառապում է Պարկինսոնի հիվանդությունից: Հանրության շրջանում նա վերջին անգամ հայտնվել է այս տարվա ապրիլին Արիզոնայում տեղի ունեցած բարեգործական երեկոյին ժամանակ:

1960թ. օլիմպիական չեմպիոնը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բազմակի չեմպիոնը, Փառքի սրահի անդամը համարվում է համաշխարհային բռնցքամարտի ամենավառ աստղը: Մի շարք վարկածներով, նա ճանաչվել է անցած դարի լավագույն մարզիկ ու բռնցքամարտիկ:

Մոտ 20-ամյա կարիերայի ընթացքում Ալին հաղթել է 56 մենամարտերում (37 նոկաուտ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում