Կենտրոնացվածությունը, ցանկությունն ու հաղթանակի ձգտումն այս չեմպիոնությունը դարձրին հնարավոր, հայտարարել է ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, որը պատմական նվաճման հասնելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ես հպարտանում եմ: Երջանիկ եմ խաղացողների, ակումբի ղեկավարության, իմ մարզչական շտաբի եւ բոլոր երկրպագուների համար: Դա աներեւակայելի զգացում է: Երբ եկա «Լեսթեր», նման բանի մասին նույնիսկ չէի էլ երազում: Ես պրագմատիկ մարդ եմ: Ես միայն ձգտում էի հաղթել յուրաքանչյուր առանձին խաղում եւ ֆուտբոլիստներին օգնել առաջադիմել: Չէի մտածում, թե ինչի կարող է հանգեցնել այդ ամենը: Ֆուտբոլիստներն անցկացրին ֆանտաստիկ մրցաշրջան: Յուրաքանչյուրը կռվում էր մյուսի համար: Նրանք արժանի էին այս տիտղոսին»,- իտալացի 64-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ВВС-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ «Լեսթերը» 7 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից»՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով երկրի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում