00:37  ,  27 ապրիլի, 2016

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» խաղաղ էին տրամադրված

Մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը, որի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Մանչեսթերում կայացած խաղի առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում՝ առանց գոլային պահերի: Դաշտի տերերն ավելի շատ էին գրոհում, թեեւ իրական գոլային պահեր ստեղծել չէր ստացվում: «Ռեալի» առջեւի գծում նկատվում էր խաղին չհայտավորված Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությունը: Ընդմիջումից հետո հանդիպումը շարունակել չկարողացավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որին փոխարինեց Խեսեն:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: Թիմերը կարծես շարունակում էին ուսումնասիրել իրար եւ գործում էին մեծ զգուշությամբ: 2 թիմերի դարպասապահները երկար ժամանակ առանց աշխատանքի էին: Վերջնամասում «Ռեալն» ակտիվացավ եւ սկսեց անհանգստացնել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահին, սակայն Ջո Հարթը մի քանի անգամ իր թիմին փրկեց գոլից:

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում:

Մյուս կիսաեզրափակիչում հանդիպելու են Մադրիդի «Աթլետիկոն» ու Մյունխենի «Բավարիան», որոնց միջեւ առաջին խաղը կկայանա ապրիլի 27-ին Իսպանիայում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:0

«Մանչեսթեր Սիթի». Ջո Հարթ, Բակարի Սանյա, Նիկոլաս Օտամենդի, Վենսան Կոմպանի, Գաել Կլիշի, Ֆերնանդո, Ֆերնանդինյո, Խեսուս Նավաս (Ռահիմ Ստերլինգ, 77), Դավիդ Սիլվա (Կելեչի Իհեանաչո, 40), Կեւին դե Բրույնե, Սերխիո Ագուերո:

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո, Տոնի Կրոս (Իսկո, 90), Կազեմիրո, Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես, Քարիմ Բենզեմա (Խեսե Ռոդրիգես, 46):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով