Ամեն անգամ տեսնելով հայերիս համախմբվածությունը եւ Ծիծեռնակաբերդ գնացող մարդկանց այդ հոծ բազմությունը, համոզվում եմ, որ հայն անպարտ է եւ հայի հավաքական ուժի դեմ որեւէ թշնամի անզոր է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով այս օրերին Երեւանում է:
Արթուր, ամեն տարի ապրիլի 24-ին դու լինում ես Հայաստանում եւ այցելում Ծիծեռնակաբերդ: Ի՞նչ զգացողություններ ես ունենում Ծիծեռնակաբերդում եւ ի՞նչ նշանակություն ունի այս օրը քեզ համար:
Յուրաքանչյուր հայի պարտքն է հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարին: Ցեղասպանության ճանաչման համար ի՞նչ է հարկավոր անել ըստ քեզ:
Շարունակել գործել` պահանջատեր լինել Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման համար:
Վերջին դեպքերի կապակցությամբ սահմանին կանգնած հայ զինվորներին քո զորակցությունը հայտնեցիր դեռեւս մենամարտիցդ առաջ: Այսօր արդեն Հայաստանում ես: Սպասվո՞ւմ է այցելություն Ղարաբաղ, մարտական դիրքեր կամ հանդիպում հայ զինվորների հետ:
Այո, սպասվում է:
Նախօրեին մասնակցեցիր նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Ի՞նչ կարծիք ունես մրցանակաբաշխության մասին, ի՞նչ տպավորություններ ստացար:
Հիացած եմ, տպավորված եմ: «Ավրորա» մրցանակաբաշխությունը շատ մեծ գաղափար է կրում, հսկայական աշխատանք է արվել: Կեցցեն կազմակերպիչները:
Արթուր, պրոֆեսիոնալ ռինգում կրեցիր 5-րդ պարտությունը։ Ինչպե՞ս ես հաղթահարում պարտությունները։ Երբեւէ դրանք քեզ հիասթափեցրե՞լ են։
Պարտվելը, անշուշտ, հաճելի չէ, ամեն դեպքում, ես փորձում եմ այնպես ապրել, որ պարտությունն ընկալեմ որպես մարտահրավեր եւ այն չդառնա հիասթափության առիթ:
Ի՞նչը կարող է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար հիասթափության պատճառ դառնալ։
Ցանկալի է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը խուսափի հիասթափվելուց եւ կենտրոնանա հաղթելու վրա: Հիասթափվելով չես կարող կորցրած գոտին վերադարձնել, պետք է շարունակել մարզվել, պատրաստվել և կրկին հաղթել:
Մեր նախորդ զրույցում նշեցիր, որ մենեջերդ զբաղվում է ռեւանշ մենամարտի հարցերով: Ի՞նչ խոստում կտաս երկրպագուներիդ։
Վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում