16:22  ,  26 հունիսի, 2012

Վարդան Մինասյան. Ամենալավ տպավորությունը թողեց Իտալիան

Իտալիայի, Դանիայի եւ Չեխիայի հավաքականների ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հայաստանի ֆուտբոլային ակումբների եւ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների պատվիրակությունը մեկնել է Լեհաստան` ներկա գտնվելու Եվրոպայի 2012.թ առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այցը Pro մարզչական արտոնագրի դասընթացի փուլերից մեկն էր: Հայաստանի ֆուտբոլային մասնագետները դիտել են 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի, Չեխիայի եւ Դանիայի թիմերի հանդիպումները Եվրո-2012-ում: Պատվիրակության կազմում է եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին

Պարոն Մինասյան, ինչպի՞սի տպավորություններով եք վերադարձել Եվրոպայի առաջնությունից: 

Նախ ասեմ, որ ես առաջին անգամ էի ներկա նման մրցաշարի: Լեհաստանում ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով: Թե խաղերը, թե երկրպագուների, թե տրանսպորտի հարցերը, իսկ մարզադաշտերում շատ հրաշալի ու յուրահատուկ մթնոլորտ էր:

Ի՞նչ աշխատանք է կատարել Լեհաստանում հայ մարզիչների պատվիրակությունը:

Յուրաքանչյուր հանդիպում դիտելուց հետո հաջորդ օրը ՀՖՖ-ի կողմից տրամադրված հատուկ վերլուծական ծրագրով իրականացվում էր խաղերի վերլուծություն, որը տեւում էր մոտ երեքից չորս ժամ: Բացի այդ, ամեն օր մարզիչներից մեկը հանգամանորեն ներկայացնում էր իր կարծիքը խաղերի վերաբերյալ: 

Այսօր ի՞նչ կարող եք ասել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական խմբի մեր մրցակիցների մասին: 

Քանի որ մեր ապագա մրցակիցներից երեքը մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը, դա արդեն խոսում է նրանց ուժի մասին եւ նրանց մասնակցությունը Եվրո-2012-ին պատահական լինել չէր կարող: Ամենալավ տպավորությունն ինձ վրա թողել է Իտալիան: Ես, իհարկե, գիտեի, որ Իտալիայի ազգային հավաքականը շատ կազմակերպված եւ տակտիկապես հագեցած թիմ է, բայց հիմա տեսնելով ընդհանուր պատկերը, վերլուծելով նրանց խաղը, դրանում ավելի համոզվեցի: Իտալիայի ազգային հավաքականն աշխարհի այն եզակի թիմերից է, որը կարողանում է խաղալ՝ ապահովելով իր համար անհրաժեշտ հաշիվը: Չեխիայի ազգային հավաքականը նույնպես լավ տպավորություն թողեց: Այս մրցաշարը նրանց համար մեծ փորձ էր, քանի որ Չեխիայի հավաքականը երիտասարդ թիմ է: Լավ տպավորություն թողեց հարձակման գծում՝ հատկապես եզրերում: Զգացվում էր, որ շատ բան իրենց խաղում կախված էր առաջատարից՝ Ռոսիցկուց, որովհետեւ երեւում էր, որ այն խաղում, որին նա չէր մասնակցնում, թիմի խաղն այն չէր: Ինչ վերաբերվում է Դանիայի հավաքականին, դանիացիներն ընդգծված առաջատար չունեին, սակայն հավասար թիմ էր, լավ էին խաղում, թիմային բարձր արագությամբ: Այնպես որ մեր մրցակից երեք հավաքականներն էլ լավ թիմեր են: Լավ էր, որ հնարավորություն եղավ դիտել այդ թիմերի խաղերը: Մենք արդեն ունենք մեր հակառակորդների ամբողջական պատկերը այս պահի դրությամբ: Չգիտեմ հետո ինչ կլինի, ինչ փոփոխություններ կլինեն նրանց թիմերում կամ մարզչական կազմերում, սակայն նրանց ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով