22:40  ,  17 նոյեմբերի, 2015

Գերմանիա - Հոլանդիա խաղը եւս չեղյալ հայտարարվեց ահաբեկչության վտանգի պատճառով

Ֆուտբոլի Գերմանիայի եւ Հոլանդիայի հավաքականների միջեւ ընկերական խաղը չեղյալ է հայտարարվել: Պատճառն ահաբեկչության վտանգն է, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 17-ին նախատեսված խաղից ժամեր առաջ ոստիկանները կասկածելի առարկա են հայտնաբերել «ԱԴՎ Արենա» ստադիոնում: Դեպի ստադիոն տանող բոլոր ճանապարհները փակվել են, իսկ հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Ստադիոնն ամբողջությամբ տարհանվել է:

Մինչեւ այս նշվում էր, որ Գերմանիա - Հոլանդիա խաղին ներկա է լինելու նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ահաբեկչության վտանգի պատճառով չեղյալ էր հայտարարվել նաեւ Բելգիա - Իսպանիա ընկերական խաղը, որը պետք է կայանար նոյեմբերի 17-ին Բրյուսելում:

Նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ կատարվել էր ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում տեղի ունեցած Ֆրանսիա - Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ: Պաշտոնական տվյալներով, Ֆրանսիայի մայրաքաղաքում մահացել է 129 մարդ, կա 325 վիրավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում