18:11  ,  5 հոկտեմբերի, 2015

Դավիթ Արշակյանը փաստաթղթային խնդիրների պատճառով չի միանա Հայաստանի Մ-21 հավաքականին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 5-ին սկսել է մարզական հավաքը՝ պատրաստվելով  հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե»  ստադիոնում տեղի ունենալիք 2017թ. Եվրոպայի Մ-21 առաջնության Բուլղարիայի հետ ընտրական հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ կայքը: Հավաքը կտեւի մինչեւ հոկտեմբերի 7-ը: Թիմը հանգրվանել է «Ռեժինե» հյուրանոցում, մարզումներն անցկացնում է Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականը Բուլղարիա կմեկնի հոկտեմբերի 7-ի առավոտյան:

Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հրավիրած 23 ֆուտբոլիստներից հավաքականին չի միանա լիտվական «Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանը, որն ունի փաստաթղթային խնդիրներ: 21-ամյա հարձակվողը մեկ գոլ է զիջում Լիտվայի առաջնության լավագույն ռմբարկուների մրցավազքի առաջատարին՝ 30 տուրում խփելով 20 գնդակ:

Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Միրանյանը եւ Իվան Մամախանովը հավաքականին կմիանան հոկտեմբերի 6-ի առավոտյան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում