00:38  ,  5 սեպտեմբերի, 2015

Եվրո-2016. Հայաստանի հավաքականի անհաջողությունները շարունակվում են (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական անհաջող խաղն անցկացրեց Եվրո-2016-ի ընտրական փուլում՝ 0:2 հաշվով պարտվելով սերբերին:

Սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում կայացած եւ առանց հանդիսականների անցած հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, բայց մի շարք գոլային պահերի առկայության պայմաններում գրանցվեց դարպասի միայն մեկ գրավում: Խաղի մեկնարկում տեմպը բարձր չէր, իսկ առաջին գոլային պահն ունեցավ Հայաստանի հավաքականը: 6-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողի հարվածից հետո Վլադիմիր Ստոյկովիչը հետ մղեց գնդակը: Քիչ անց վտանգավոր պահ ստեղծեցին նաեւ սերբերը, բայց այս դեպքում էլ հյուրերին փրկության հասավ ուղղահայաց դարպասաձողը:

Եթե առաջին խաղակեսում Սարգիս Հովսեփյանի թիմը փորձում էր անցկացնել արագ գրոհներ, ապա տանտերերը երբեմն կիրառում էին նաեւ դիրքային գրոհներ: 22-րդ րոպեին սերբերի գրոհներից մեկի ժամանակ Երեւանի «Փյունիկի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ առաջ մղելով սերբերին:

Բաց թողած գոլից հետո Հայաստանի թիմն ավելի շատ սկսեց գրոհել, բայց կարող էր գոլ բաց թողնել 31-րդ րոպեին: Ավագի թեւկապով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը կենտրոնում կորցրեց գնդակը, իսկ Ալեքսանդր Միտրովիչը մեն-մենակ դուրս եկավ Գեւորգ Կասպարովի դեմ, սակայն անգլիական «Նյուքասլի» հարձակվողը վրիպեց մի քանի մետրից: Առաջին խաղակեսում հիշվեց նաեւ Մարկոս Պիզելիի վտանգավոր հարվածը, որից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: 41-րդ րոպեին արդեն իտալական «Ինտերի» նորեկ Ադեմ Լյայիչը կարող էր կրկնապատկել հաշիվը, եթե Գեւորգ Կասպարովը չփրկեր իր թիմին: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը մեծացրել էր ճնշումը, թեեւ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ: Հյուրերի միակ հարձակվող Յուրա Մովսիսյանն աչքի չէր ընկնում վտանգավոր գործողություններով, քանի որ խորքից փոխօգնություն գրեթե չէր ստանում:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց Հայաստանի հավաքականը, որը գոլ բաց թողեց 53-րդ րոպեին: Մինչ թեթեւ վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը հայտնվել էր խոտածածկին, սերբերն անցկացրին արագ հակագրոհ եւ խփեցին երկրորդ գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց Ադեմ Լյայիչը:

Այդ գոլից հետո Սարգիս Հովսեփյանը խաղադաշտ դուրս բերեց Կամո Հովհաննիսյանին ու Ռուսլան Կորյանին, որոնց եւս չհաջողվեց սրություն հաղորդել հյուրերի գրոհներին: Խաղի մնացած ժամանակահատվածում հայկական թիմը չկարաղացավ ստեղծել իրական գոլային պահեր, իսկ սերբերը ոչ մեծ դժվարությամբ պահպանեցին հաղթական հաշիվը: Խաղի վերջին րոպեները հյուրերն անցկացրին 10 ֆուտբոլիստներով, քանի որ վնասվածք ստացած Լեւոն Հայրապետյանը չկարողացավ շարունակել ելույթը:

Սերբերը տարան առաջին հաղթանակը եւ Հայաստանի պես ունեն 1 միավոր: Այս ընտրական փուլում հայկական թիմն անցկացրեց 6-րդ խաղն ու կրեց 5-րդ պարտությունը:

I խմբի մյուս խաղում Դանիայի եւ Ալբանիայի հավաքականները խաղաղությամբ բաժանվեցին Կոպենհագենում՝ 0:0: Դանիան ու Ալբանիան ունեն 11-ական միավոր եւ մեկ միավոր զիջում են I խմբի առաջատար պորտուգալացիներին, որոնք մեկ խաղ էլ պակաս են անցկացրել:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Երեւանում՝ ընդունելով դանիացիներին:

Եվրո-2016, ընտրական փուլ 

խումբ

Սերբիա – Հայաստան՝ 2:0

Լեւոն Հայրապետյան, 22 (ինքնագոլ), Ադեմ Լյայիչ, 53

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (ավագ), Գեւորգ Ղազարյան (Արտյոմ Սիմոնյան, 83), Արաս Օզբիլիս (Կամո Հովհաննիսյան, 60), Մարկոս Պիզելի (Ռուսլան Կորյան, 65), Յուրա Մովսիսյան:

Սերբիա. Վլադիմիր Ստոյկովիչ («Մաքաբի» Հայֆա), Նենադ Տոմովիչ («Ֆիորենտինա»), Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Ուրոշ Սպահիչ («Թուլուզ»), Ալեքսանդր Կոլարով («Մանչեսթեր Սիթի»), Նեմանյա Մատիչ («Չելսի»), Ֆիլիպ Կոստիչ («Շտուտգարտ», Դուշան Տադիչ, 84), Դարկո Բրաշանաչ («Պարտիզան»), Ադրիա Ժիվկովիչ («Պարտիզան», Զորան Տոշիչ, 60), Ադեմ Լյայիչ («Ինտեր», Լյուդոմիր Ֆեյսա, 73) Ալեքսանդր Միտրովիչ («Նյուքասլ»):

Դանիա – Ալբանիա՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով