22:26  ,  29 օգոստոսի, 2015

«Անժին» Մոսկվայում հաղթեց «Սպարտակին», Մովսիսյանն ու Մկրտչյանը խաղացին իրար դեմ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց Մախաչկալայի «Անժիին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ էր դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում, իսկ Կառլեն Մկրտչյանն՝ «Անժիի»: Խաղի արդեն երկրորդ րոպեին Մովսիսյանը կարող էր բացել հաշիվը, բայց վրիպեց հարմար դիրքից: Առաջին խաղակեսում «Սպարտակն» ուներ տարածքային առավելություն, թեեւ առաջինն աչքի ընկան հյուրերը, որոնք 27-րդ րոպեին օգտվեցին տանտերերի դարպասապահ Սերգեյ Ռեբրովի սխալից: Խաղակեսի վերջնամասում Յուրա Մովսիսյանը կորցրեց եւս մեկ գոլային պահ եւ թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Կառլեն Մկրտչյանը սեփական տուգանայինում խախտեց կանոնները, իսկ «Սպարտակի» ավագ Դմիտրի Կոմբարովը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: Մոսկովյան ակումբը, աստիճանաբար մեծացնելով առավելությունը, չկարողացավ օգտվել դրանից, իսկ Դաղստանի թիմը շարունակում էր խաղալ հակագրոհների մարտավարությամբ եւ վերջնամասում նաեւ հաղթանակ կորզեց: «Անժիի» հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց ռուս պաշտպան Ալեքսանդր Ժիրովը, ով աչքի ընկավ անկյունային հարվածի խաղարկման արդյունքում:

Յուրա Մովսիսյանը խաղադաշտը լքեց 72-րդ րոպեին, իսկ Կառլեն Մկրտչյանը հանդես եկավ առանց փոխարինման եւ, կատարելով մեծ աշխատանք, 69-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մնաց «Սպարտակի» պահեստայինների թվում: Դմիտրի Ալենիչեւի թիմն ունի 13 միավոր եւ զբաղեցնում է չորրորդ տեղը: «Անժին» տարավ առաջին հաղթանակը եւ 5 միավորով բարձրացավ 12-րդ տեղ:

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Սպարտակ» - «Անժի»՝ 1:2

Դմիտրի Կոմբարով, 53 (11մ) – Լեոնարդո Էբեսիլիո, 27, Ալեքսանդր Ժիրով, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում