14:14  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռուսաստան - Հունաստան. անոնս

Հունիսի 16-ից մեկնարկում է Եվրո-2012-ի ամենահետաքրքիր հատվածը` խմբային մրցաշարի վերջին տուրը:  Յուրաքանչյուր հանդիպում որոշիչ եւ վճռական կարգավիճակ է ստանում: Այս տուրը կդառնա վերջինը վեց հավաքականների համար, իսկ եւս 8-ը կշարունակեն պայքարը արդեն քառորդ եզրափակիչում:

A խումբ

Ռուսաստան – Հունաստան խաղում ամեն ինչ պարզ է. Ռուսաստանին քառորդ եզրափակիչ դուրս գալու համար ոչ-ոքին էլ է բավարար, առաջին տեղը գրավելու համար` հաղթանակը: Սա` եթե չհաշվենք զուգահեռ կայանալիք Լեհաստան – Չեխիա հանդիպման արդյունքը: Որովհետեւ տեսականորեն հնարավոր է, որ նույնիսկ պարտության դեպքում էլ ռուսները դուրս գան խմբից, եթե չեխերը ոչ-ոքի խաղան լեհերի հետ:

Իսկ հույներին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Այդ դեպքում նրանք կապահովեն իրենց տեղը քառորդ եզրափակիչում: Անկախ ամեն ինչից:

Եթե չեխերը, ինչպես արդեն նշեցինք, ոչ-ոքի խաղան, այդ դեպքում երեք հավաքական` Ռուսաստանը, Չեխիան եւ Հունաստանը կվաստակեն 4-ական միավոր, այդ դեպքում կհաշվեն միմյանց միջեւ կայացած հանդիպումների արդյունքները եւ լրացուցիչ ցուցանիշներով լավագույնը կլինեն Ռուսաստանն ու Հունաստանը, քանի որ Ռուսաստանը խոշոր հաշվով է հաղթել Չեխիային` 4:1: Իհարկե, եթե հանկարծ հույներն էլ ավելի խոշոր հաշվով չհաղթեն ռուսներին, ինչը գրեթե անհավանական է:

Ռուսաստան

Ռուսաստանը, վստահ մեկնարկելով մրցաշարում, երկրորդ խաղում տանտերերի հետ դժվար ոչ-ոքի խաղաց: Ճիշտ է, այդ ոչ-ոքին տրամաբանական էր թե մարզական, եւ թե հատկապես քաղաքական առումով` լեհ – ռուսական հարաբերությունների առանց այդ էլ լարված մթնոլորտը պարպվեց եւ կողմերն էլ  կարծես այնքան էլ դժգոհ չէին դրանից: Սակայն լեհերի հետ խաղում երեւաց ռուսների հիմնական թերությունը. հոգնածությունը: Դեռ մինչեւ Եվրո-2012-ի սկիզբը նշել էինք, որ Ռուսաստանի հավաքականը ամենատարեցն է այս մրցաշարում, եւ նրա խաղացողների համար շատ դժվար է շաբաթը երկու անգամ գրաֆիկով ծանր հանդիպումներ անցկացնել: Չեխերի հետ խաղում դեռ այդ խնդիրը չկար եւ բոլորս տեսանք, թե ինչպես Ռուսաստանի հավաքականը 90 րոպե անընդհատ վազում եւ ճնշում էր մրցակցին:

Լեհերի հետ խաղում, հատկապես երկրորդ խաղակեսում ռուսների ուժերը սկսեցին սպառվել, նրանց մի մասը արդեն քայլելով էր գործում, ինչից լեհերը քիչ էր մնում օգտվեին: Նույնիսկ Ադվոկատի փոխարինումները իրավիճակը չփոխեցին:

Այսօր Ռուսաստանի հավաքականի խաղը հիմականում կախված է լինելու այդ գործոնից: Եթե նրանք հասցնեն վերականգնել ուժերը, ապա Հունաստանը նույնիսկ ոչ-ոքիի ոչ մի հնարավորություն չի ունենա: Կամ էլ, Ադվոկատը պետք է մի շարք թարմ ուժեր մտցնի այսօր:

Հունաստան

Հույների դեպքում այլ խնդիրներ են: Վնասվածքի պատճառով նրանք հենց առաջին խաղում կորցրեցին հիմնական պաշտպաններից մեկին` Կ. Պապադոպուլոսին: Հատկապես չեխերի հետ խաղում դա զգացվեց: Կորցրեցին նաեւ հիմնական դարպասապահ Խալկիասին: Ի տարբերություն Ռուսաստանի հավաքականի, հույների պահեստային նստարանը շատ ավելի կարճ է եւ քիչ են այն ֆուտբոլիստները, որոնք ռեալ կարող են ուժեղացնել խաղը:

Սակայն հույները հայտնի են իրենց կամային բարձր հատկանիշներով, մինչեւ վերջ պայքարելու ունակությամբ, ինչը տեսանք թե լեհերի, թե չեխերի հետ խաղերում: Այնպես որ, նրանք ռուսներին լուրջ կդիմադրեն, դա հաստատ:

Ռուսաստան – Հունաստան դիմակայությունում` հաշվի առնելով միայն հետխորհդային ժամանակաշրջանը, 10 հանդիպում է եղել: Այստեղ բացահայտ առավելություն ունեն ռուսները` +4, =5, -1:

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:

Վարշավա, «Ազգային» ստադիոն:

Մրցավար` Յունաս Էրիկսոն (Շվեդիա)

Հավանական կազմ

Ռուսաստան. Մալաֆեեւ, Անյուկով, Իգնաշեւիչ, Ա. Բերեզուցկի, Ժիրկով, Դենիսով, Զիրյանով, Արշավին, Շիրոկով, Ձագոեւ, Կերժակով

Հունաստան. Սիֆակիս, Տորոսիդիս, Կ. Պապադոպուլոս, Պապաստոպուլոս, Խոլեբաս, Մանիատիս, Կացուրանիս, Կարագունիս, Սալպինգիդիս, Գեկաս, Սամարաս

Բուքմեքերների կանխատեսումը. միջինացված գործակից

Ռուսաստանի հաղթանակ՝ 1,70, ոչ ոքի՝ 3,60, Հունաստանի հաղթանակ՝ 5,25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով