09:12  ,  12 օգոստոսի, 2015

ESPN. Տուխելի խճանկարում Մխիթարյանի տաղանդի լիարժեք բացահայտումը կլինի գլխավոր բաղադրիչը

«Բորուսիայի» նոր հարձակողական ոճը համապատասխանում է Մխիթարյանին, որն այժմ եզրը փոխելու եւ իր համար հարմար դիրք ընտրելու ավելի մեծ ազատություն ունի, գրում է ESPN-ը վերլուծական հոդվածում՝ անդրադառնալով «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ մեկնարկին նոր մրցաշրջանում:

«Նախորդ մրցաշրջանի ոչ լավագույն արդյունքների հետեւանքով, «Բորուսիան» մրցաշրջանը սկսեց սովորականից շուտ: Դորտմունդցիները Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հաղթահարեցին ավստրիական «Վոլֆսբերգերի» արգելքը, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում դուրս թողեցին «Խեմնիցերին»:

Երկու դեպքում էլ, «Բորուսիան» առավելության հասավ մեծամասամբ Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղի շնորհիվ: Հայ ֆուտբոլիստը գերազանց մարզավիճակում է, խփեց չորս գնդակ եւ կատարեց երեք գոլային փոխանցում երեք պաշտոնական հանդիպումներում: Հենրիխն արդեն խփել է այնքան գնդակ, ինչքան Գերմանիայի անցած առաջնության 28 հանդիպումներում: Այս թվերը հուշում են, թե ում վրա պետք է շեշտը դնի նոր մրցաշրջանում «Բորուսիան»:

Երրորդ մրցաշրջանը Գերմանիայում կարող է որոշիչ լինել Մխիթարյանի համար, որը մնում է դորտմունդյան ակումբի ամենաթանկ ձեռքբերումը: 2013-ին 27,5 միլիոն եվրոյով «Շախտյորից» տեղափոխված Մխիթարյանը պետք է փոխարիներ «Բավարիա» հեռացած Մարիո Գյոտցեին, սակայն նրան չէր հաջողվում իր անհավանական տաղանդը կայուն դրսեւորել խաղադաշտում: Գերազանց արագությունն ու անթերի տեխնիկան ոչ միշտ էին արդյունավետ:

Առաջին մրցաշրջանում նա զգում էր տրանսֆերի արժեքի ճնշում եւ չափից մեծ պատասխանատվություն էր փորձում ստանձնել, իսկ երկրորդ մրցաշրջանում ակնհայտ անկման մեջ էր: Հիասթափություններով լի մրցաշրջանի վերջում շատ էին շահարկումները, թե Մխիթարյանը կլքի «Բորուսիան»:

Սակայն հրաշալի մեկնարկը երրորդ մրցաշրջանում վերջապես լիարժեք դրսեւորվելու նախադրյալներ է ստեղծում:

«Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի առաջին որոշումներից մեկը եղավ Մխիթարյանին բաց չթողնելը: «Վոլֆսբերգերի» դեմ խաղում հայ ֆուտբոլիստը երեք գնդակ խփեց միայն անհատական վարպետության շնորհիվ, ինչը իսկական սխրանք է մի ֆուտբոլիստի համար, որը համարվում է թիմակիցներից կախվածություն ունեցող:

Մարզիչը մեծ նշանակություն է տալիս Մխիթարյանի մարդկային որակներին՝ առանձնացնելով նրա համեստությունը, բարությունն ու պրոֆեսիոնալիզմը: Տուխելը միշտ ձգտում է գերազանց մթնոլորտ ապահովել թիմում, եւ Մխիթարյանի մարդկային որակները գրեթե համարժեք են նրա ֆուտբոլային տաղանդին:

Ակնհայտ է, որ հայ ֆուտբոլիստի խաղային որակները գնահատում էր նաեւ «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց այս ֆուտբոլիստի հոգեբանական պատրաստությունը հասցնել առավելագույն մակարդակի: Առայժմ բարդ է վերջնական հետեւություն անել, սակայն մրցաշրջանի առաջին խաղերում Հենրիխը չափազանց վստահ էր:

«Բորուսիայի» նոր հարձակողական ոճը համապատասխանում է Մխիթարյանին, որն այժմ եզրը փոխելու եւ իր համար հարմար դիրք ընտրելու ավելի մեծ ազատություն ունի: Տուխելի խճանկարում Մխիթարյանի տաղանդի լիարժեք բացահայտումը կլինի գլխավոր բաղադրիչը: Եթե մարզիչին հաջողվի դա, ապա «Բորուսիայի» հարձակումը կդառնա իսկական խնդիր բոլոր թիմերի պաշտպանության համար»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում