01:55  ,  12 հուլիսի, 2015

Պաշտոնական. Իկեր Կասիլյասը հեռանում է «Ռեալից»

Մադրիդի «Ռեալն» ու պորտուգալական «Պորտուն» պայմանավորվել են Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի տրանսֆերի հարցում, հայտնում է Արքայական ակումբի կայքը:

25 տարի «Ռեալում» անցկացրած 34-ամյա Կասիլյասը 2 տարվա պայմանագիր կկնքի «Պորտուի» հետ: Եթե դարպասապահը մեկ մրցաշրջանում 30-ից ավելի խաղ անցկացնի պորտուգալական ակումբի կազմում, ապա նրա պայմանագիրը կերկարաձգվի եւս մեկ տարով:

«Ռեալը» հանդես է եկել հայտարարությումբ՝ շնորհակալություն հայտնելով դարպասապահին:

«Այսօր նոր փուլ է սկսում «Ռեալի» պատմության եւ իսպանական ֆուտբոլի լավագույն դարպասապահի կարիերայում: Մեր ակումբը գոյություն ունի 113 տարի, որոնցից 25-ը Կասիլյասն անցկացրել է «Ռեալում»: Այդ ընթացքում Իկերը սրբապատկեր դարձավ ակումբի համար՝ արժանանալով բոլոր երկրպագուների հարգանքին, սիրուն ու հիացմունքին: Կասիլյասն օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղալ «Ռեալում»: Շնորհակալությու՛ն, Իկեր, այն ամենի համար, ինչ դու արել ես մեր ակումբի համար: Շնորհակալություն, որ դու խորհրդանիշ դարձար «Ռեալի» համար: Դու միշտ կմնաս մեր սրտերում»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Իկեր Կասիլյասը 1998-ին է նորամուտը նշել իսպանական ակումբում, որի կազմում անցկացրել է 725 խաղ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում