22:30  ,  30 հունիսի, 2015

«Ֆոլգորեի» մարզիչ. Մեր ֆուտբոլիստներից շատերը կիսապրոֆեսիոնալ են եւ չեն կարողանում հրաժարվել ծխելուց

Մեր ֆուտբոլիստներից շատերը սիրողական մակարդակի են՝ կիսապրոֆեսիոնալ, եւ նրանք չեն կարողանում հրաժարվել ծխելուց: Այս մասին ասաց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» գլխավոր մարզիչ Նիկոլա Բերարդին, ով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման հետխաղյա ասուլիսում խոսեց Երեւանի «Փյունիկից» 1:2 հաշվով կրած պարտության մասին:

«Մեզ համար, իհարկե, բարդ խաղ էր, քանի որ արագության տեսանկյունից մրցակիցը զգալիորեն գերազանցում էր մեզ: Այսօր բացակայում էին մեր հիմնական կազմի 4 ֆուտբոլիստներ, որոնք սիրողական խաղացողներ են եւ աշխատանքի պատճառով չկարողացան ժամանել Երեւան: Հայաստան չէինք եկել մեծ հույսերով, բայց կարծում եմ, որ ստացվեց: Առաջին խաղակեսի սկզբնամասում «Փյունիկն» ուներ մի քանի գոլային պահեր, բայց մենք լավ պաշտպանվեցինք: Սկզբում հիմնականում ուշադրություն էինք դարձնում պաշտպանության վրա: Մենք եկել էինք՝ ակնկալելով, որ մրցելու ենք ավելի ուժեղ թիմի դեմ: Տանը մեր թիմում կլինեն բացակա 4 խաղացողները, եւ կկարողանանք ավելի լավ խաղ ցուցադրել: Շատ լավ գիտակցում ենք, որ «Փյունիկը» շատ ավելի ուժեղ է մեզանից, իսկ մենք կփորձենք պատասխան խաղում ներդնել բոլոր ուժերը:

Մեր ֆուտբոլիստներից շատերը սիրողական մակարդակի են՝ կիսապրոֆեսիոնալ, եւ նրանք չեն կարողանում հրաժարվել ծխելուց: Մեր ակումբը ֆինանսավորվում է եւ ֆուտբոլիստները վարձատրվում են: Մեր սիրողական ֆուտբոլիստներն էլ շաբաթական գոնե 4 մարզում անցկացնում են եւ ստանում են աշխատավարձ: Մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ այլ աշխատանքով զբաղվում են, բացառությամբ՝ 2 խաղացողների: Իհարկե, շատ բարդ կլինի անցնել հաջորդ փուլ, բայց հույս միշտ կա: Այն փաստը, որ խաղալու ենք տանը, շատ դրական հույսեր է հաղորդում մեզ: Երբեք չենք կորցնում հույսը»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» եւ «Ֆոլգորեի» միջեւ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին Սան Մարինոյում: «Ֆոլգորեի» արգելքը հաղթահարելու դեպքում երեւանյան ակումբը որակավորման երկրորդ փուլում կմրցի նորվեգական «Մոլդեի» հետ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում