10:30  ,  21 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Հրաչիկ Բաբայանն ավարտեց ելույթը

Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանն ավարտեց ելույթը Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հրաձգության մրցաշարում:

Հունիսի 21-ին 18-ամյա մարզիկը մասնակցեց հրացանի 50 մետրից 3 դիրքով վարժությանը եւ գրավեց 29-րդ տեղը: Որակավորման փուլում 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Բաբայանը գրանցեց 1131 միավոր, իսկ եզրափակիչ դուրս եկան 1-8-րդ տեղեր գրաված հրաձիգները: Որակավորման փուլին մասնակցեցին 33 մարզիկներ:

Հիշեցնենք, որ Հրաչիկ Բաբայանը Եվրոպական խաղերում մասնակցել էր նաեւ 10 մետր օդամուղ հրացանով վարժությանը, որում գրավել էր 5-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից հրաձգության մրցաշարում հանդես էր եկել նաեւ 26-ամյա Նորայր Առաքելյանը, որը 8-րդ տեղն էր զբաղեցրել ատրճանակով 50 մետրից մրցաձեւի մրցաշարում:

Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում