22:33  ,  5 մայիսի, 2015

Գվարդիոլա. Եթե Մեսին լավագույն մարզավիճակում է, ոչ մի պաշտպանություն չի կանգնեցնի նրան

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին, որը կկայանա մայիսի 6-ին Կատալոնիայում:

«Հիանալի է վերադառնալ Բարսելոնա: Միանշանակ, սա յուրահատուկ խաղ է ինձ համար, քանի որ այս թիմում եղել եմ երկար տարիներ: Հեշտ չի լինելու, իսկ կիսաեզրափակիչ դուրս գալը եւս բարդ էր: Գիտեի, որ «Բարսելոնայից» տեղափոխվելով այս սուպերակումբ՝ մի օր հանդիպելու եմ նախկին թիմիս:

Մեսիին կանգնեցնելը շատ բարդ խնդիր է: Չգիտեմ՝ դա ամենաբարդ խնդիրն է, բայց շատ դժվար է լինելու: Այդ պատճառով շատ ուրախ եմ, որ ունենալու եմ այդպիսի փորձ: Եթե Մեսին լավագույն մարզավիճակում է, ապա ոչ մի պաշտպանություն չի կանգնեցնի նրան: Չկա ոչ մի համակարգ Լեոյի դեմ. նա չափազանց լավն է: Պետք է փորձել սահմանափակել նրա գործողությունները՝ թույլ չտալով, որ գնդակը հասնի նրան: Սակայն նույնիսկ այդպիսի իրավիճակում Մեսիին կանգնեցնելն անիրական է»,- մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիա» տեղափոխվելուց առաջ Գվորդիոլան 4 տարի գլխավորել է «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում