10:17  ,  5 մայիսի, 2015

Բեյլը լիովին պատրաստ է «Յուվենտուսի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ Գարեթ Բեյլը պատրաստ է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին: Իտալացի մասնագետի խոսքով՝ ուելսցի կիսապաշտպանը լիովին վերականգնվել է վնասվածքից եւ հավաքել է պատշաճ մարզավիճակ:

«Կարծում եմ՝ Բեյլը հրաշալի մարզավիճակում է: Նա լիովին վերականգնվել է վնասվածքից: Սեւլիայում Գարեթը խաղաց 30 րոպե, ինչից հետո հիանալի էր զգում: Նա պատրաստ է 100 տոկոսով»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» եւ «Ռեալի» միջեւ կիսաեզրափակիչի առաջին խաղը կկայանա մայիսի 5-ին Թուրինում: Արքայական ակումբին չեն օգնելու թիմի առաջատարներից Լուկա Մոդրիչն ու Քարիմ Բենզեման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում