18:24  ,  24 ապրիլի, 2015

Լուիս Էնրիկեն ու Պեպ Գվարդիոլան՝ «Բարսելոնա» - «Բավարիա» դիմակայության մասին

Գվարդիոլայի պատճառով «Բավարիայի» հետ դիմակայությունը կլինի առանձնահատուկ, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունից հետո։

«Վիճակահանության արդյունքը անակնկալ չէր։ Բարդ կլինի, քանի որ առաջին հանդիպումը տանն ենք անցկացնելու։ Եվ պետք չէ մոռանալ, որ մրցակիցը «Բավարիան» է։ Լավ ենք ճանաչում Պեպ Գվարդիոլային։ Առաջին անգամ ես կդիմակայեմ Գվարդիոլային, իսկ ինքը՝ «Բարսելոնային»։ Դա սրություն կհաղորդի առաջիկա դիմակայությանը»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Գվարդիոլան շատ բան է արել մեր թիմի համար։ «Կամպ Նոու» ստադիոնում նա կարժանանա ջերմ ընդունելության։ Նա մեծագույն մարզիչ է եւ մեր մարդն է։ Շանսերը բացարձակ հավասար են»,- նշել է «Բարսելոնայի» փոխնախագահ Խորդի Մեստրեն։

«Բնականաբար, առաջիկա երկու հանդիպումները կլինեն չափազանց յուրօրինակ։ «Բարսելոնան» իմ տունն է։ Բարսելոնայում չի կարելի թույլ տալ նույն սխալները, որոնք եղան «Պորտուի» հետ առաջին հանդիպման սկզբում։ Մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ, բայց մրցակիցը «Բարսելոնան» է։ Ինձ համար շատ հուզական կլինի։ Բայց պետք չէ չափազանցնել»,- ասել է Գվարդիոլան։  

Եվրագավաթներում «Բարսելոնան» ու «Բավարիան» հանդիպել են ութ անգամ։ Կատալոնական ակումբը տարել է միայն մեկ հաղթանակ, հինգ անգամ հաղթել է «Բավարիան», երկու հանդիպում ավարտվել է ոչ ոքի։

Նախորդ անգամ թիմերի դիմակայությունը եղել է 2012-2013 թվականների Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Երկու խաղում էլ հաղթեց «Բավարիան»՝ 4։0 (Մյունխենում) եւ 3։0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա) (մայիսի 6-ին եւ 12-ին) 

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա) (մայիսի 5-ին եւ 13-ին) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում