22:59  ,  9 հունիսի, 2012

Եվրո-2012. Դանիական հրաշքի գաղտնիքը. նվազագույն սխալներ, առավելագույն արդյունավետություն

Եվրո-2012-ի  B խումբը բոլորը համարում էին «մահվան» խումբ եւ խմբի հենց առաջին հանդիպումը հաստատեց այդ կարծիքը: Ընդամենը 3 հանդիպում է դեռ տեղի ունեցել Եվրո-2012-ում, եւ այն իր անկախատեսելիությամբ գերազանցում է բոլոր սպասելիքնրը:
Հոլանդիան պարտվեց Դանիայի համեստ հավաքականին: Սա գերանակնկալ էր եւ քչերը կենթադրեին նման հաշիվ: Սակայն եթե վերլուծենք հանդիպումը, ապա եզրակացությունը մեկն է. Դանիան արժանի հաղթանակ տարավ:

Առաջին խաղակեսի միջնամասում բաց թողած գոլը՝ թվում էր, թե պարզապես թյուրիմացության արդյունք էր: Հոլանդացիները շատ վստահ սկսեցին հանդիպումը, հենց սկզբից ճնշում գործադրելով մրցակցի վրա: Սակայն հոլանդացիների խաղում կարելի էր նկատել ավելորդ ինքնավստահություն: Երբեմն այնպիսի տպավորություն կար, թե հոլանդացիները որոշել են մի ոտքով ջախջախել մրցակցին: Այլ կերպ չի կարելի բացատրել բազմաթիվ գոլային պահերի վատնումը: Անկասկած, Հոլանդիայի հավաքականում շատ են համաշխարհային մեծության ֆուտբոլիստները, սակայն հենց դա էլ նրանց պարտության հիմնական գործոններից մեկը դարձավ: Հարձակման գծի յուրաքանչյուր խաղացող փորձում էր ցուցադրել իր անհատական վարպետությունն ու խաբկերի զինանոցը՝ առանց խաղընկերոջը նկատելու:

Հիշենք, թե քանի անգամ Ռոբենը գնդակ կորցրեց, երբ ձգտում էր միայնակ ճեղքել մրցակցի պաշտպանությունը: Քանի՞ իրական գոլային պահ փչացրեց: Թեկուզ այն դրվագը, երբ Ռոբենի հարվածից հետո դանիացիներին օգնության հասավ մրցակցի դարպասաձողը: Այդ դեպքում Ռոբենը կարող էր հանգիստ փոխանցում կատարել շատ ավելի լավ դիրքում գտնվող Վան Պերսիին, բայց դա չարեց: Մենք ի դեպ, Եվրո-2012-ի մասնակից թիմերին ներկայացնելիս, Հոլանդիայի հավաքականի բացասական կողմերը թվարկելիս առաջինը նշել էինք հենց Ռոբենի գործոնը: Այն, որ նա ամենակարեւոր պահերին չի կարողանում դուրս գալ իր մեծության շրջանակներից եւ գործել հանուն թիմային շահի: 
Երկրորդ խաղակեսում հոլանդացիները միայն սկզբնամասում ռեալ ճնշում գործադրեցին դանիացիների տուգանային հրապարակում, մնացած ժամանակահատվածում նրանց բոլոր գրոհները միապաղաղ էին, երեւում էր, որ հոլանդացիները այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե ինչ անել, խաղում բեկում մտցնելու համար: Դանիացիների տուգանային հրապարակի մատույցներում հոլանդացիները պարզապես կանգնում էին՝ շարունակություն չգտնելու պատճառով:

Իսկ, ի՞նչ, դանիացիները: Նրանք հիանալի խաղացին եւ օգտվեցին հոլանդացիների ավելորդ ինքնավստահությունից եւ մեծամտությունից: Դանիացիները ցույց տվեցին, որ խոշոր մրցաշարերում, հատկապես, եվրոպական, ինչ հետեւանքներ կարող է ունենալ մրցակցի թերագնահատումը: Դանիացիները ոչ մի խուճապ ցույց չտվեցին, խաղում էին հանգիստ, գնդակի հետ շատ խնայողաբար էին վարվում՝ ի տարբերություն հոլանդացիների, որոնք պարբերաբար կորցնում էին գնդակը պարզ իրավիճակներում: Հոլանդացիները ակնհայտորեն չէին սպասում նման խաղի: Դանիան հանդես եկավ որպես մեկ, միասնական թիմ, իսկ մրցակիցը՝ պարզապես աստղերի հավաքածու: Դանիան գիտեր իր անելիքը եւ այդ խաղում «նվազագույն սխալներ, առավելագույն արդյունավետություն» կարգախոսը փայլուն կերպով իրագործեց:

Այս հանդիպում շատ լավ դաս կլինի մրցաշարի բոլոր այն «բացահայ ֆավորիտների» համար, որոնք ի սկզբանե որոշել էին, թե ում են մրցակից համարում, իսկ ում՝  ոչ:
Իսկ այս հանդիպման արդյունքը խոստանում է խմբում դրամատիկ նոր իրադաձություններ: Ծայրաստիճան խճճված խումբ դարձավ: 

Մհեր Ղալեչյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով