00:38  ,  9 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռուսների վստահ մեկնարկը

Ռուսաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունում: Վրոցլավի Քաղաքային ստադիունում կայացած խաղում Դիկ Ադվոկատի թիմը 4:1 հաշվով առավելության հասավ Չեխիայի հավաքականի նկատմամբ:

Ամբողջ հանդիպման ընթացքում ռուսներն աչքի էին ընկնում վստահ ու գրագետ պաշտպանությամբ: Ռուսական թիմը հիանալի էր պաշտպանությունից անցնում հարձակման եւ, ստեղծելով մի շարք գոլային պահեր, տարավ արժանի հաղթանակ:

Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին չեխերը, սակայն ռուս ֆուտբոլիստներ պարբերաբար վտանգավոր հակագրոհներ էին կազմակերպում: 15-րդ րոպին Պետեր Չեխի դարպասի մոտ ստեղծված առաջին իրական գոլային պահն ավարտվեց դարպասի գրավումով: Զիրյանովի փոխանցումից հետո Կերժակովը գլխով գեղեցիկ հարված կատարեց, գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից եւ հարմար դիրքում հայտնված Ալան Ձագոեւը բացեց հաշիվը՝ առաջ մղելով ռուսներին: Բաց թողած գոլից հետո էլ չեխերը շարունակում էին գրոհներ կազմակերպել, սակայն 24-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Միխալ Բիլեկի թիմի դարպասում: Արշավինի կատարած փոխանումից հետո Ռոման Շիրոկովը մեն-մենակ դուրս եկավ Պետեր Չեխի դեմ եւ վարպետորեն գրավելով «Չելսիի» դարպասապահի դարպասը՝ կրկնապատկեց ռուսների առավելությունը: Առաջին խաղակեսում ռուսները եւս մի քանի վտանգավոր հակագրոհներ անցկացրեցին, սակայն թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր: Չեխերն անդադար գրոհում էին, իսկ ռուսները պատասխանում էին վտանգավոր հակագրոհներով: 52-րդ րոպեին ռուսական թիմի պաշտպանությունն առաջին անգամ սխալվեց այս խաղում եւ չեխերը կրճատեցին հաշվի տարբերությունը: Յարոսլավ Պլաշիլի փոխանցումից հետո ռուս պաշտպանները փորձեցին արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել, ինչի արդյունքում Պլզենի «Վիկտորիայի» հարձակվող Վացլավ Պիլարժը գրավեց Վյաչեսլավ Մալաֆեեւի դարպասը: Խաղադաշտում հիանալի ֆուտբոլ էր ընթանում, ինչին նպաստում էր նաեւ խաղի գլխավոր մրցավար Հովարդ Ուեբը: Անգլիացի մրցավարը թիմերին թույլ էր տալիս խաղալ ու պայքարել մինչեւ վերջին դրվագը: Գնդակը գրեթե չէր մնում խաղադաշտի կենտրոնում: Գրոհում էին կամ չեխերը, կամ ռուները: Երկրորդ խաղակեսի միջնամասում Ռուսաստանի հավաքականը մի քանի հիանալի գոլային պահեր բաց թողեց: Հատկապես անհաջող էր գործում Ալեքսանդր Կերժակովը: 73-րդ րոպեին Դիկ Ադվոկատը փոխարինեց Կերժակովին՝ խաղադաշտ մցնելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին, ով դարձավ հանդիպման հերոսներից մեկը: 79-րդ րոպեին Պավլյուչենկոյի կատարած փոխանցումից հետո Ալան Ձագոեւն իր երկրորդ գնդակը խփեց այս խաղում: Րոպեներ անց Պավլյուչենկոն եւս մեկ գնդակ ուղարկեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը: Հիանալի հանդիպում անցկացրած Ռուսաստանի հավաքականն առանց մեծ դժվարության կարողացավ պահպանել երեք գնդակի առավելությունը:

Դիկ Ադվոկատի թիմը վստահ ու գեղեցիկ հաղթանակով մեկնարկեց Եվրո-2012-ում: Այս հաղթանակի շնորհիվ Ռուսաստանի հավաքականը երեք միավորով միանձնյա գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը: Լեհերն ու հույներն ունեն մեկական միավոր:

Հունիսի 12-ին կայանալիք երկրորդ տուրում Ռուսաստանի թիմն ուժերը կչափի Լեհաստանի հավաքականի հետ:

Եվրո-2012. А խումբ, 1-ին տուր

Ռուսաստան – Չեխիա՝ 4:1

Ձագոեւ, 15, 79, Շիրոկով, 24, Պավլյուչենկո, 82 – Պիլարժ, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով