16:40  ,  13 հունվարի, 2015

Ռոման Բերեզովսկին` Ֆիլիպ Լամին ընտրելու եւ Մեսի - Ռոնալդու դիմակայության մասին

Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե ինչու է «Ոսկե գնդակ-2014»-ի մրցույթում իր ձայնը տվել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ֆիլիպ Լամին: Մոսկվայի «Դինամոյի» 40-ամյա դարպասապահը երկրորդը նշել էր կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անունը, իսկ երրորդը՝ «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերին:

«Միանշանակ, Նոյերն անցկացրեց ֆանտաստիկ մրցաշրջան եւ հիանալի խաղաց աշխարհի առաջնությունում: Սակայն Լամն իսկական ավագ է, Գերմանիայի հավաքականի առաջատարը, ով կարող է ոգեշնչել թիմակիցներին: Գերմանացիների չեմպիոնության գործում Լամը մի քիչ ավելի մեծ դերակատարում ունեցավ, քան Նոյերը:

Չեմ ափսոսում, որ Ռոնալդուին չէի ընդգրկել լավագույն եռյակում: Պարզապես կարծում եմ, որ աշխարհի առաջնության անցկացման տարում այս մրցանակը պետք է ստանա մրցաշարի հաղթողը: Ռոնալդուն անհատապես շատ ուժեղ է, եւ դրա հետ ոչ ոք չի վիճում:  

Գուցե հիմա Մեսիի կարիերայի լավագույն շրջանը չէ, բայց նա երկար ժամանակ խաղում է բարձր մակարդակում: Ինձ շատ է դուր գալիս այդ ֆուտբոլիստը, ով կարող է միայնակ հարցեր լուծել խաղադաշտում: Մեսի - Ռոնալդու դիմակայությունում կընտրեի արգենտինացուն»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:  

Հիշեցնենք, որ տարվա լավագույն մարզիչի մրցույթում Ռոման Բերեզովսկին առաջինը նշել էր Մյունխենի «Բավարիան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլային, երկրորդը՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, իսկ երրորդը՝ Գերմանիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Յոահիմ Լյովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում