13:17  ,  23 դեկտեմբերի, 2014

Հրաչյա Ռոստոմյան. Այս օրերին ինձ համար նոր բացահայտումներ եղան հայկական մարզաշխարհում

Ես չէի պատրաստվում ասուլիս տալ, քանի որ մեր գործունեությունը տեսանելի է բոլորին: Բայց վերջին օրերին ասուլիսներ լսեցի ու ինձ համար նոր բացահայտումներ եղան հայկական մարզաշխարհում:

Թենիսի ֆեդերացիայի տարվա ամփոփումը լսեցի, թե հավաքականը տեղ չունի մարզվելու: Հարց եմ տալիս՝ ո՞վ է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը, ո՞ւմ են պատկանում Հայաստանում բոլոր կորտերը: ՀԱՕԿ-ի նոր մարզաբազայում չեն լինելու թենիսի կորտեր: Թենիսի ֆեդերացիան աստղաբաշխական թվեր է ասում… Հայաստանում մարզիկի համար մարզումները պետք է լինեն անվճար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որն ամփոփեց մրցաշրջան-2014-ը:

«Տարին հագեցած էր: Սկսվեց Սոչիի ձեմռային Օլիմպիական խաղերով: Սոչիի Օլիմպիական խաղերը թողեց երկակի ազդեցություն: Առաջին անգամ մենք մասնակցեցինք նվաճած ուղեգրերով: Ճիշտ է՝ բարձր տեղեր չնվաճեցինք, բայց լավ ներկայացանք:

Հաջորդը՝ պատանեկան Օլիմպիական խաղերն էին: Այդ թիմն ամենահամախմբված եւ ամենուժեղ թիմն էր կոնկրետ ինձ համար: Ունեինք 14 մասնակից. 14 օլիմպիական ուղեգիրն էլ սեփական ուժերով ձեռք բերած: Մենք հրաժարվեցինք սպիտակ քարտերից: Տարիների ընթացքում ժամանակը ցույց տվեց, որ սպիտակ քարտեցրի դեպքում բարձր արդյունքների ակնկալիք պետք չէ ունենալ: Պատանեկան Օլիմպիական խաղերում արդյունքներչը շատ բարձր էին օլիմպիական չեմպիոններ, փոխչեմպիոններ, բրոնզե մեդալակիրներ: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցանք նաեւ 4-րդ,  5-րդ տեղեր, փայլեց հայկական ջրացատկը, որը երեք տարի առաջ այլ պատկեր ուներ: Ափսոսում եմ, որ այս Խաղերում խնդիրներ առաջացան մարմնամարզիկի հետ: Մասնագետների գնահատականով, Վիգեն Խաչատրյանի առողջական խնդրի պատճառով մենք մեդալ կորցրեցինք: Սպասելիքներ կային Անուշ Գրիգորյանից, բայց նա բավարարվեց 4-րդ տեղով: Կարծում եմ, նա դեռ կուրախացնի բոլորիս:

Տարին շատ լավն էր, գերազանց մրցելույթներ ունեցանք միջազգային մրցասպարեզում: Այդ գնահատականը ոչ միայն մենք ենք ինքներս մեզ տալիս, այլեւ միջազգային կառույցներն են նման գնահատական տալիս մեր այս տարվա աշխատանքին: Դրա ապացուցյը ՄՕԿ-ի նախագահի այցն էր Հայաստան: Մենք ապացուցեցինք, որ մենք մեր աշխատանքով կարող ենք այսպիսի արդյունքներ տալ»,- ամփոփեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Հրաչյա Ռոստոմյանին զարմացրել է վերջերս մի քանի մարզաձեւերի ֆեդերացիաների տարվա ամփոփումները: Նրա խոսքով, ամփոփիչ ասուլիս տալու ցանկություն չուներ:

«Ես չէի պատրաստվում ասուլիս տալ, քանի որ մեր գործունեությունը տեսանելի է բոլորին: Սակայն ֆեդերացիաներից մի քանիսն ասուլիսներում ամփոփեցին տարին, ու ինձ համար շատ նոր բացահայտումներ արեցի: Թենիսի ֆեդերացիան ամփոփեց տարին: Ասում են՝ Հայաստանի հավաքականը մարզվելու տեղ չունի, կորտեր չկան, բոլորը վճարովի են, ինչ-որ աստղաբաշխական թվեր են ասում: ՀԱՕԿ-ի նոր մարզաբազայում, որը կառուցվում է Դավիթաշեում, թենիսի կորտեր չեն լինելու: Բոլոր մարզաձեւերի համար, ինչպես նաեւ խաղային մարզաձեւերի համար մարզադահլիճներ, տարածքներ տրամադրվելու են, իսկ թենիսին՝ ոչ: Հայաստանի բոլոր կորտերը պատկանում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահին:

Ես, ինչպես նաեւ հայկական սպորտի համար մտահոգվող շատ մարդիկ այն կարծիքին են, որ Հայաստանում մարզիկի համար մարզումները պետք է լինեն անվճար:

ՀԱՕԿ-ի նախագահին պատկանող բոլոր մարզաբազաներում, մարզադահլիճներում, մարզական կառույցներում, նույնիսկ օֆիսներում, ամեն տեղ  մարզիկների մարզումները, կեցությունը, ամեն ինչ բացարձակ անվճար է»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Այս պահի դրությամբ ազգային օլիմպիական կոմիտեն որեւէ խնդիր չի տեսնում Բաքվի Եվրոպական խաղերին չմասնակցելու համար:

«Եվրոպական խաղերին մասնակցելու հարցով բոլոր այն խնդիրները, որոնք մենք առաջ ենք քաշել՝ անվտանգության հարցերը, մարզիկների կեցության հարցերը, մարզվելու պայմանները բոլորը  լուծված են: Բայց, մենք դեռեւս վերջնական որոշում չենք կայացրել: Փետրվարին կհայտարարենք: Ամեն դեպքում չմասնակցելու խնդիր չեմ տեսնում:

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում մեզ համար ավելի մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն մասնակցելը, ավելի ճիշտ կլինի մասնակցել, հաղթել այնտեղ ու Հայաստանի դրոշը բարձրացնել: Մեզ համար սա պատվի հարց է: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մտավախությունը չեմ կարող կիսել, թե ծնողները թույլ չեն տա: Ամեն ծնող ինքն է որոշում՝ թույլ տա իր զավակին, թե ոչ: Բայց հոգեբանորեն մեր տղաները չեն ճնշվի, եկեք մի թերագնահատեք մեր մարզիկներին: Մեր մարզիկները ամեն տեղ էլ կարող են պատվով ներկայացնել Հայաստանը, դրոշը բարձրացնել»,- նշեց  Հրաչյա Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով