13:51  ,  3 դեկտեմբերի, 2014

Արտակ Դաշյան. Կարիերայիս ամենաօպտիմալ մարզավիճակում եմ

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Վարդարի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը վերջերս ընդգրկվեց Մակեդոնիայի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում, ինչպես նաեւ ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Դաշյանի արդյունավետ խաղի մասին պարբերաբար գրում են մակեդոնական լրատվամիջոցները, սակայն ֆուտբոլիստը Պորտուգալիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղից առաջ չհրավիրվեց Հայաստանի հավաքական, թեեւ ընդգրկվել էր թիմի նախնական ցուցակում: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց 25-ամյա ֆուտբոլիստի հետ:

Արտակ, քո՝ ազգային հավաքական չհրավիրվելը շատերի համար մեծ անակնկալ էր: Ինքդ ինչպե՞ս ընդունեցիր այդ լուրը:

Անկեղծ ասած, ես էլ չէի սպասում, բայց դե կյանք է, իսկ ֆուտբոլում ամեն բան պատահում է:

Ի՞նչ կասես այն մեղադրանքի մասին, թե դու էիր մեղավոր սերբերից բաց թողած գոլի մեջ:

Չէի ցանկանա խոսել այդ հարցի շուրջ:

Հովհաննես Համբարձումյանի հետ ընդգրկվեցիք Մակեդոնիայի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում, իսկ դու ճանաչվեցիր լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Գուցե գտնվում ես կարիերայիդ ամենաօպտիմալ մարզավիճակում:

Այո, կարծում եմ՝ այս պահին շատ լավ մարզավիճակում եմ:

Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Մակեդոնիայում սկսեցիր ցուցադրել լավագույն որակներդ:

Լավ խաղիս օգնում է կայուն թիմային խաղը, մարզիչի վստահությունն իմ հանդեպ եւ, իհարկե, նաեւ իմ կայունությունը:

Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու հեռացար Բահրեյնից:

Չէի ցանկանում մնալ այնտեղ: Ցանկանում էի խաղալ Եվրոպայում:

Առաջիկա կես տարում ի՞նչ նպատակներ ես դրել քո առջեւ:

Դառնալ Մակեդոնիայի չեմպիոն եւ գավաթակիր, ինչպես նաեւ հնարավորինս բարելավել խաղային մակարդակս:

Վերա Մարտիրոսյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով