18:20  ,  17 նոյեմբերի, 2014

Հայերի մղձավանջը Պորտուգալիայում

Պորտուգալիան շատերի համար հեռավոր, գեղեցիկ, էկզոտիկ երկիր է: Այդ պատճառով, ինչպես Իտալիայում, այնպես էլ Պորտուգալիայում Հայաստանի ազգային հավաքականին սատարելու եկած հայերի թիվը մեծ էր: Իհարկե, առաջնային նպատակը թիմի կողքին լինելն է, բայց երկիրը նույնպես կարեւոր դեր ունի այդ հարցում: Միշտ ջերմությամբ եւ ժպիտով եմ հիշում Դանիան եւ Գերմանիան: Թվում էր՝ Պորտուգալիան նույնպես շատ ջերմ ու հյուրասեր երկիր է:

Սկսեմ այն բանից, որ Պորտուգալիա հասնելն արդեն բավական դժվար է: Երեւանից այնտեղ մեկնելու համար պետք է կամ 2, կամ 3 ինքնաթիռ փոխել: Ժամային առումով էլ բավական բարդ է: Հիմնական թռիչքները գիշերային ժամերի են:

Պորտուգալիա մեկնողը պետք է իմանա, որ այնտեղ անգլերեն գրեթե չեն խոսում: Թե ինչու էր Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրել Ֆարու քաղաքը, որպես Հայաստանի հետ խաղն անցկացնելու վայր, այդպես էլ պարզ չեղավ: Ֆարուն փոքրիկ հանգստյան քաղաք է՝ հեռու ֆուտբոլային կյանքից: «Ալգարվե» ստադիոնը գտնվում է քաղաքից հեռու: Ստացվեց այնպես, որ թիմի հյուրանոցը, երկրպագուների հյուրանոցները, ստադիոնը եւ քաղաքը իրարից հեռու էին: Եվ ամեն անգամ տեղ հասնելու համար ստիպված էինք լինում օգտվել տաքսիներից: Ֆարուում այս ամիսներին մերձարեւադարձային խոնավ եղանակ է, ավելի վատ, քան Լիսաբոնում: Ֆուտբոլ խաղալու համար մեղմ ասած ոչ բարենպաստ պայմաններ են:

Սակայն ամենաքննադատելին պորտուգալացիների ու նրանց իրավապահ մարմինների ներկայացուցիչների վարքն էր: Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը բարկացած ու շատ հուզական արտահայտվեց պորտուգալական կողմի ընդունելության մասին: Հայաստանի հավաքականին թույլ չէին տվել մարզվել ստադիոնում՝ պատճառաբանելով, որ այնտեղ պորտուգալացիները պետք է մարզվեն, սակայն նրանց թիմը «Ալգարվեում» չէր մարզվել: Հայերին առաջարկել էին մարզվել շատ անբարենպաստ պայմաններ ունեցող դաշտում, որը գտնվում էր օվիկանոսի մոտ:

Ամենասարսափելին խաղից առաջ էր: Բոլոր հայերը ստադիոնի մոտ հավաքված սպասում էին հավաքականի ժամանելուն: Խաղին մնացել էր մեկ ժամ, բայց հավաքականի ավտուբուսը դեռ չկար: Վերջապես թիմը ժամանեց եւ բոլորը շտապեցին ներս: Հետո պարզվեց, որ հավաքականի ավտոբուսի վարորդը չի հիշել ստադիոն տանող ճանապարհը եւ մոլորվել է: Թեեւ դրանից մեկ օր առաջ նա թիմին տարել էր մարզվելու նույն ստադիոն: Ոստիկանները, ովքեր պետք է ուղեկցեին ավտուբուսը նույնպես ոչնչով չեն օգնել թիմին: Երբ ավտոբուսը հայտնվել է փակուղում, ոստիկանները շրջվել են եւ հեռացել: Զայրացած հայ երկրպագուները, ովքեր նույնպես ուղեկցում էին հավաքականի ավտոբուսը դուրս են եկել ոստիկանների դեմ եւ պահանջել բացատրություններ: Ոստիկանները քմծիծաղով ասել են, եթե Ամերիկայում են անգլերեն խոսում, Պորտուգալիայում խոսեք պորտուգալերեն, այլապես չենք պատասխանի: Քիչ անց, իբրեւ թե ճշտելով ճանապարհը եկել են ու տարել հավաքականին ստադիոն:

Այս անկարգությունը տարածվում էր ամենուր: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան անցաթղթերը տառասխալով էր տպագրել: Ամենաանհասկանալին նաեւ նրանց լրագրողների պահվածքն էր: Բարձրաձայն կարդում էին հայ ֆուտբոլիստների ազգանունները եւ ծիծաղում: Ինչ վերաբերում է միքս գոտուն, ապա այն կարծես թե կազմակերպված էր միայն հեռուստատեսության համար: Երբ ֆուտբոլիստը անցնում էր այդ նեղ հատվածով, նրան այլեւս գրեթե մոտենալ չէր լինում: Նա հայտնվում էր ավտոբուսի մոտ:

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խոսնակը խաղից հետո ինձ մոտեցավ եւ հարցեց արդյոք ամեն բան կարգին էր: Եվ ահա այդտեղ ես ինձ այլեւս չզսպեցի: Ես ասացի, որ նման խայտառակ վերաբերմունք երբեք չէի տեսել եւ Պորտուգալիան ու պորտուգալացիներն ամենաանհյուրընկալ ազգն են: Նա փորձեց իր սխալը շտկել՝ միքս գոտում օգնելով ինձ Նանիի հետ հարցազրույց անել: Կարծում եմ՝ ինքն էլ զգաց, թե որքան տգեղ է այդ ամենը:

Այս ամենին գումարվեց նաեւ հյուրանոցի աշխատակցի վերաբերմունքը, ում խնդրել էինք տաքսի կանչել, քանի որ պետք է հասնեինք կայարան: Իսկ նա մեզ նույն քմծիծաղով հայտնեց, որ մի քանի րոպե ուշ իջանք եւ տաքսին գնաց: Կայարանում տոմսավաճառ կինը, ում հարցնում ենք, թե որ ժամին է մեկնում գնացքը՝ ասում, է թե մեկ անգամ արդեն ասացի, ուշադիր լինեիք՝ լսեիք: Էլ չեմ ասում, որ Ֆարուի կենտրոնի սրճարաններից մեկում մատուցողին կես ժամ բացատրում էինք, թե ինչ է կապուչինոն:

Մի խոսքով, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ու մյուս պատասխանատուներն արեցին ամեն բան, որպեսզի Հայաստանի հավաքականն ու հարյուրավոր երկրպագուներ իրենց առավելագույնը վատ զգան այնտեղ։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով