Պորտուգալիան շատերի համար հեռավոր, գեղեցիկ, էկզոտիկ երկիր է: Այդ պատճառով, ինչպես Իտալիայում, այնպես էլ Պորտուգալիայում Հայաստանի ազգային հավաքականին սատարելու եկած հայերի թիվը մեծ էր: Իհարկե, առաջնային նպատակը թիմի կողքին լինելն է, բայց երկիրը նույնպես կարեւոր դեր ունի այդ հարցում: Միշտ ջերմությամբ եւ ժպիտով եմ հիշում Դանիան եւ Գերմանիան: Թվում էր՝ Պորտուգալիան նույնպես շատ ջերմ ու հյուրասեր երկիր է:
Սկսեմ այն բանից, որ Պորտուգալիա հասնելն արդեն բավական դժվար է: Երեւանից այնտեղ մեկնելու համար պետք է կամ 2, կամ 3 ինքնաթիռ փոխել: Ժամային առումով էլ բավական բարդ է: Հիմնական թռիչքները գիշերային ժամերի են:
Պորտուգալիա մեկնողը պետք է իմանա, որ այնտեղ անգլերեն գրեթե չեն խոսում: Թե ինչու էր Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրել Ֆարու քաղաքը, որպես Հայաստանի հետ խաղն անցկացնելու վայր, այդպես էլ պարզ չեղավ: Ֆարուն փոքրիկ հանգստյան քաղաք է՝ հեռու ֆուտբոլային կյանքից: «Ալգարվե» ստադիոնը գտնվում է քաղաքից հեռու: Ստացվեց այնպես, որ թիմի հյուրանոցը, երկրպագուների հյուրանոցները, ստադիոնը եւ քաղաքը իրարից հեռու էին: Եվ ամեն անգամ տեղ հասնելու համար ստիպված էինք լինում օգտվել տաքսիներից: Ֆարուում այս ամիսներին մերձարեւադարձային խոնավ եղանակ է, ավելի վատ, քան Լիսաբոնում: Ֆուտբոլ խաղալու համար մեղմ ասած ոչ բարենպաստ պայմաններ են:
Սակայն ամենաքննադատելին պորտուգալացիների ու նրանց իրավապահ մարմինների ներկայացուցիչների վարքն էր: Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը բարկացած ու շատ հուզական արտահայտվեց պորտուգալական կողմի ընդունելության մասին: Հայաստանի հավաքականին թույլ չէին տվել մարզվել ստադիոնում՝ պատճառաբանելով, որ այնտեղ պորտուգալացիները պետք է մարզվեն, սակայն նրանց թիմը «Ալգարվեում» չէր մարզվել: Հայերին առաջարկել էին մարզվել շատ անբարենպաստ պայմաններ ունեցող դաշտում, որը գտնվում էր օվիկանոսի մոտ:
Ամենասարսափելին խաղից առաջ էր: Բոլոր հայերը ստադիոնի մոտ հավաքված սպասում էին հավաքականի ժամանելուն: Խաղին մնացել էր մեկ ժամ, բայց հավաքականի ավտուբուսը դեռ չկար: Վերջապես թիմը ժամանեց եւ բոլորը շտապեցին ներս: Հետո պարզվեց, որ հավաքականի ավտոբուսի վարորդը չի հիշել ստադիոն տանող ճանապարհը եւ մոլորվել է: Թեեւ դրանից մեկ օր առաջ նա թիմին տարել էր մարզվելու նույն ստադիոն: Ոստիկանները, ովքեր պետք է ուղեկցեին ավտուբուսը նույնպես ոչնչով չեն օգնել թիմին: Երբ ավտոբուսը հայտնվել է փակուղում, ոստիկանները շրջվել են եւ հեռացել: Զայրացած հայ երկրպագուները, ովքեր նույնպես ուղեկցում էին հավաքականի ավտոբուսը դուրս են եկել ոստիկանների դեմ եւ պահանջել բացատրություններ: Ոստիկանները քմծիծաղով ասել են, եթե Ամերիկայում են անգլերեն խոսում, Պորտուգալիայում խոսեք պորտուգալերեն, այլապես չենք պատասխանի: Քիչ անց, իբրեւ թե ճշտելով ճանապարհը եկել են ու տարել հավաքականին ստադիոն:
Այս անկարգությունը տարածվում էր ամենուր: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան անցաթղթերը տառասխալով էր տպագրել: Ամենաանհասկանալին նաեւ նրանց լրագրողների պահվածքն էր: Բարձրաձայն կարդում էին հայ ֆուտբոլիստների ազգանունները եւ ծիծաղում: Ինչ վերաբերում է միքս գոտուն, ապա այն կարծես թե կազմակերպված էր միայն հեռուստատեսության համար: Երբ ֆուտբոլիստը անցնում էր այդ նեղ հատվածով, նրան այլեւս գրեթե մոտենալ չէր լինում: Նա հայտնվում էր ավտոբուսի մոտ:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խոսնակը խաղից հետո ինձ մոտեցավ եւ հարցեց արդյոք ամեն բան կարգին էր: Եվ ահա այդտեղ ես ինձ այլեւս չզսպեցի: Ես ասացի, որ նման խայտառակ վերաբերմունք երբեք չէի տեսել եւ Պորտուգալիան ու պորտուգալացիներն ամենաանհյուրընկալ ազգն են: Նա փորձեց իր սխալը շտկել՝ միքս գոտում օգնելով ինձ Նանիի հետ հարցազրույց անել: Կարծում եմ՝ ինքն էլ զգաց, թե որքան տգեղ է այդ ամենը:
Այս ամենին գումարվեց նաեւ հյուրանոցի աշխատակցի վերաբերմունքը, ում խնդրել էինք տաքսի կանչել, քանի որ պետք է հասնեինք կայարան: Իսկ նա մեզ նույն քմծիծաղով հայտնեց, որ մի քանի րոպե ուշ իջանք եւ տաքսին գնաց: Կայարանում տոմսավաճառ կինը, ում հարցնում ենք, թե որ ժամին է մեկնում գնացքը՝ ասում, է թե մեկ անգամ արդեն ասացի, ուշադիր լինեիք՝ լսեիք: Էլ չեմ ասում, որ Ֆարուի կենտրոնի սրճարաններից մեկում մատուցողին կես ժամ բացատրում էինք, թե ինչ է կապուչինոն:
Մի խոսքով, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ու մյուս պատասխանատուներն արեցին ամեն բան, որպեսզի Հայաստանի հավաքականն ու հարյուրավոր երկրպագուներ իրենց առավելագույնը վատ զգան այնտեղ։
Վերա Մարտիրոսյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։