21:08  ,  13 նոյեմբերի, 2014

Բեռնար Շալանդ. Պորտուգալիան ֆավորիտ է, բայց մենք էլ կարող ենք անակնկալ մատուցել

Ես երբեք իմ թիմին չեմ կարող ասել, թե մեկ միավորը լավ արդյունք է, նշել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Պորտուգալիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Ֆարոյից:

«Արտակ Դաշյանին ես չեմ հրավիրել, քանի որ այս խաղի համար վերադարձել են երեք հարձակողական ֆուտբոլիստներս՝՝ Մովսիսյանը Մխիթարյանը եւ Ղազարյանը: Հարցը Դաշյանի մեջ չէ, հարցն այն է, որ մենք ունենք 23 ֆուտբոլիստներ հայտավորելու հնարավարություն: Ինչ վերաբերում է Մանոյանին, ապա նա 24-րդն է: Նա վաղվա խաղին չի հայտավորվի:

Դենիս Թումասյանը կարող է լինել հավաքականի թեկնածու, բայց ես գոհ եմ իմ պաշտպանության գծից Սերբիայի դեմ խաղում, ինչ վերաբերում է հետագային, ապա չեմ կարող պատասխանել:

Ոչ մի խաղից առաջ ես չեմ կարող ասել, թե ոչ ոքին ինձ համար լավ արդյունք է լինելու: Սերբիայի խաղից առաջ առանց առաջատար ֆուտբոլիստների, ես ոչ ոքիի դեպքում գուցե ուրախանայի, բայց հետո տխրեցի, երբ միավորներ կորցրեցինք:

Ես երբեք իմ թիմին չեմ կարող ասել, թե մեկ միավորը լավ արդյունք է: Պորտուգալիան ֆավորիտ է, բայց մենք էլ կարող ենք անակնկալ մատուցել:

Սերբիայի խաղից հետո մենք ուրախ էինք խաղի որակից, բայց հիասթափված էինք արդյունքից: Մենք գիտենք, թե ինչ մրցակից ունենք: Պորտուգալիան աշխարհի լավագույն թիմերից մեկն է, ու մենք պատրաստ ենք անակնկալ մատուցել:
Յուրա Մովսիսյանն այժմ գտնվում է լավ մարզավիճակում: Եթե նա հանդես է գալիս «Սպարտակի» պես թիմի կազմում, դա խասում է այն մասին, որ նա արդեն լավ մարզավիճակում է: Ես խոսել եմ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ: Նա իմ շատ լավ ծանոթն է: Եվ ամեն ինչ կարգին է:

Պորտուգալիայի հավաքականի խաղերը Ալբանիայի եւ Դանիայի հետ լիովին տարբեր էին: Առաջին խաղում չկար Ռոնալդուն: Նրանք հոգնած էին աշխարհի առաջնության խաղերից հետո: Դանիայի դեմ խաղում նրանք արդեն ունեին նոր մարզիչ եւ բավական վերականգնվել էին: Բացի այդ վերադարձել էր Ռոնալդուն: Ես չեմ կարող խոսել նրանց թույլ կողմերի մասին: Կարող եմ ասել միայն, որ նրանք որպես թիմ են ուժեղ եւ դա անհատականությունների կոլեկտիվ չէ»,- նշել է Բեռնար Շալանդը:

Նոյեմբերի 14-ին Ֆարոյի «Ալգարվե» ստադիոնում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: 

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով