00:15  ,  26 հոկտեմբերի, 2014

«Ռեալ» - «Բարսելոնա». Մարզիչների կարծիքները

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչները մեկնաբանել են ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կայացած «Էլ Կլասիկոն»:

Կարլո Անչելոտի («Ռեալ»). «Թիմը հիանալի պայքարեց: Մեր այսօրվա արածների մեծ մասը դուր եկավ ինձ: Բոլոր ֆուտբոլիստները լավ խաղացին: Չեմ կարող առանձնացնել որեւէ մեկին: Մեր թիմը հիանալի ֆիզիկական վիճակում է: 

Մենք դեռ շարունակում ենք կատարելագործել մեր խաղաոճը: Գոհ եմ մեր կատարած աշխատանքից եւ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Կարող եմ ասել, որ այս «Ռեալն» ամենապրոֆեսիոնալ թիմն է, որի հետ ես երբեւէ աշխատել եմ: Ինչ վերաբերում է Լուիս Սուարեսին, ապա նրա՝ մեկնարկային կազմում հայտնվելն անակնկալ էր ինձ համար»:

Լուիս Էնրիկե («Բարսելոնա»). «Լավ խաղացինք, սակայն թույլ տվեցինք սխալներ, որոնք պետք է վերլուծել: «Ռեալը» շատ լավ տեսք ուներ եւ տարավ արժանի հաղթանակ: Պարտությունը ֆուտբոլի մի մասն է: Մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչի էինք արժանի մենք: Չեմ զղջում, որ Լուիս Սուարեսին ընդգրկել էի մեկնարկային կազմում: Նա լավ խաղաց: Նույնիսկ ավելի լավ, քան ես սպասում էի»,- փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյում» «Ռեալը» կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով: 9-րդ տուրից հետո Արքայական ակումբը մեկ միավոր է զիջում առաջատար «Բարսելոնային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով