22:05  ,  12 հոկտեմբերի, 2014

Լեւոն Արոնյան. Հիմա Երեւանի համար լավ տարիներ են

Երեւանն աշխարհի ամենաջերմ եւ հանգիստ քաղաքն է: Ես սիրում եմ Երեւանը, սա իմ տունն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Լեւոն Արոնյանն, ում վերջերս շնորհվել էր Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: Երեւանի 2796-րդ տարեդարձի կապակցությամբ Լեւոն Արոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցեց մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառումներին ու տոնական շքերթին:

Լեւոն, ինչպե՞ս կբնութագրես քո սերը Երեւանի հանդեպ:

Ես ծնվել եւ մեծացել եմ Երեւանում: Երեւանը միշտ էլ շատ հարազատ է եղել ինձ համար: Տեսել եմ Երեւանի թե՛ լավ, թե՛ վատ օրերը: Համարում եմ, որ հիմա Երեւանի համար լավ տարիներ են:

Դու տարբեր երկրների մայրաքաղաքաներում ես լինում: Ինչո՞վ է առանձնանում Երեւանը մյուս մայրաքաղաքներից:

Ջերմությամբ ու հանգստությամբ: Երեւանն աշխարհում գրեթե միակ քաղաքն է, որտեղ քեզ հանգիստ ես զգում: Երեւանում դու կարող ես գիշերը ժամը 3-ին, 4-ին շրջել, զբոսնել եւ քեզ ոչ ոք չի անհանգստացնի: Հույս ունեմ, որ մենք դեռ կտեսնենք Երեւանի վերածնունդը: Երեւանը մեր տունն է եւ մենք պարտավոր ենք լավ պահել եւ չաղտոտել այն: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու Երեւանում: Ես սիրում եմ Երեւանը եւ ուրախ եմ, որ բնակվում եմ այստեղ:

Լուսինե Շահբազյան 

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով