22:30  ,  11 հոկտեմբերի, 2014

Դիկ Ադվոկատ. Երեւանում բոլոր թիմերն էլ ունենալու են բարդ հանդիպումներ

Հետագայում էլ կտեսնեք, որ այս խաղադաշտում հյուրընկալվելիք թիմերն ունենալու են բարդ հանդիպումներ: Հայաստան հավաքականը շատ լավ էր պաշտպանվում:

Այս մասին Հայաստան - Սերբիա (1:1) Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղից հետո կայացած ասուլիսում ասաց Սերբիայի հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:

«Ինձ մի ասեք, որ սա հեշտ խաղ էր: Իրականում շատ բարդ հանդիպում էր: Չեմ կարող ասել, որ ֆիասկոն ճիշտ բառ է այսօր օգտագործելու համար: Հայաստանի հավաքականը շատ լավ էր խաղում պաշտպանությունում: Քանի որ Հայաստանի թիմը պաշտպանվում էր 4 ֆուտբոլիստներով, մենք փորձեցինք պահել բալանսը: Ես նշել էի, որ շատ ծանր խաղ է լինելու: Չեմ կարող ասել, որ սա մեր լավագույն խաղերից էր: Առջեւում մեզ սպասվում են ավելի բարդ հանդիպումներ:

Եթե հաշվի առնենք, որ խաղի ընթացքում պարտվում էինք, ապա մեկ միավորով այս պահին ես բավարարված եմ: Մեր թիմում հարձակողական ոճի ֆուտբոլիստները շատ են եւ ավելի ուժեղ են, քան պաշտպանները: Ես ամբողջ խաղի ընթացքում փորձում էի գտնել այն բալանսը, որ չզիջեինք կենտրոնը: Չեմ կարծում, որ Միտրովիչի դուրս գալն ուշացումով էր: Ես փորձում էի ամբողջ խաղի ընթացքում մեր խաղացողներին բալանսի բերել, որպեսզի հավասար լինեինք:

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում ունեինք առավելություն եւ լավ էինք խաղում, բայց քանի որ ունեինք 5 պաշտպանվող եւ քիչ հարձակվող, մեր խաղն այդ դեպքում արդեն թուլանում էր: Այս հանդիպումից հետո ցանկանում եմ ասել, որ ֆուտբոլիստներն ուզում են խաղալ իրենց հավաքականի համար: Հետագայում էլ կտեսնեք, որ այս խաղադաշտում հյուրընկալվելիք թիմերն ունենալու են բարդ հանդիպումներ:

Ամեն ինչ հնարավոր է: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը հավանաբար կարողանա դուրս գալ Եվրո-2016- եզրափակիչ փուլ, պետք է միայն խաղալ՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստները հանդես են գալիս տարբեր ակումբներում եւ տարբեր տակտիկաներով: Հավանաբար, եթե պարտվեինք, ես ավելի կոշտ բառերով կարտահայտվեի: Գոհ եմ, որ մեկ միավորով ենք հեռանում այստեղից»,- ասաց Ադվոկատը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը մինչեւ 90-րդ րոպեն առջեւում էր հաշվի մեջ, սակայն բաց թողեց հաղթանակը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով