19:18  ,  10 հոկտեմբերի, 2014

Բեռնար Շալանդ. Մենք պետք է պաշտպանվենք առյուծների նման եւ հարձակվենք արծիվների պես

Առանց Մխիթարյանի, Մովսիսյանի, Ղազարյանի լավ իրավիճակում չենք, բայց մարզիչի գործն է գտնել լուծումներ: Այդ մասին Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Սերբիա նախախաղային ասուլիսում նշել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ես, կարծես, խոհարար լինեմ, եթե ունեմ խավիար, լավ ձկներ, լավ միս, ես կարող եմ պատրաստել հարսանեկան աղցան, իսկ եթե ունեմ լավ բանջարեղեն, կարող եմ պատրաստել լավ ապուր:

Ես իմ թիմին պատրաստում եմ այս խաղին: Ալեքսանդր Կարապետյանը լավ է հանդես  գալիս իր թիմում: Նա լավ մարզիկ է: Այս պայմաններում նա կարող է օգուտ տալ՝ նա բարձրահասակ է եւ ուժեղ: Նա Մեսին չէ, նա Ռոնալդուն չէ, նա Կարապետյանն է: Կարծում եմ առաջիկա խաղերին նա կունենա խաղային պրակտիկա:

Ես չեմ կարող խոսել Գեւգեոզյանի մասին , քանի որ այստեղ չէ: Կա խնդիր տոմսի հետ կապված, բացիայդ կա խնդիր իր թիմի հետ կապված: Դենիս Թումասյանը կարող է ապագայում միանալ մեզ, բայց ոչ այս պահին: Նախկինում նա չէր խաղում, բայց այժմ հանդես է գալիս եւ հնարավոր է նրան հրավիրենք:

Ֆուտբոլիստներ հրավիրելու համար մենք պետք է հասկանանք թե որ դիրքում ենք ցանկանում ունենալ նոր խաղացող: Հայաստանի Բարձրագույն խմբում չկան ավելի ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք կգերազանցեն հավաքականի պաշտպաններին: Ինչ վերաբերում է հարձակվողներին, այստեղ նույնպես մենք չունենք ընտրության մեծ հնարավորություններ:
Արթուր Սարկիսովն այժմ գտնվում է լավ մարզավիճակում: Այլ վնասվածքներ չունենք թիմում: Լեւոն Հայրապետյանն ու Կառլեն Մկրտչյանը իրենց թիմերում չեն խաղացել, բայց հանդես են եկել երկրորդ թիմերում: Նրանք մեծ աշխատանք են կատարել եւ պատրաստ են խաղին: Կառլեն Մկրտչյանի հետ հատուկ աշխատանք է կատարել ֆիզպատրաստության մարզիչը:

Սերբիան ունի շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Մենք պետք է պաշտպանվենք առյուծների նման եւ հարձակվենք արծիվների պես: Վաղը մենք պետք է ոչ թե պաշտպանվենք երեք կամ չորս պաշտպաններով, այլ տասը պաշտպաններով, եթե պետք լինի: Եվ եթե հարկ լինի նաեւ հարձակվենք ամբողջ թիմով: Դա մերօրյա ֆուտբոլն է:

Ես դիտել եմ Սերբիայի խաղը Ֆրանսիայի հետ: Այնտեղ չորրորդ րոպեին Ֆրանսիան պաշտպանվում էր 9 ֆուտբոլիստներով: Իհարկե ես կգերադասեի խաղալ Մխիթարյանի ու Մովսիսյանի հետ: Բայց իմ բնավորության մեջ չկա լաց լինել եւ հիասթափվել: Ես մարզիչ եմ, եւ ես պետք է ոգեւորեմ ֆուտբոլիստներին: Իմ ողջ կյանքի ընթացքում ես պայքարել եմ, որպեսզի մնամ բարձունքներին: Հնարավոր է՝ վաղը լինի անակնկալ, եւ մենք մտնենք հայկական ֆուտբոլի պատմության մեջ»,- ասաց Բեռնար Շալանդը:

Վերա Մարտիրոսյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով