13:50  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Վնասվածքը Վարշամ Բորանյանին թույլ չտվեց հասնել եզրափակիչ (ֆոտոշարք)

71 կգ քաշային Վարշամ Բորանյանը զրկվեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից՝ պարտվելով կիսաեզրափակիչում:

Չորրորդ գոտեմարտում հայ ըմբիշին խանգարեց վնասվածքը: Թուրքիան ներկայացնող Յունուս Օզելի դեմ պայքարում առաջին մրցափուլում Բորանյանը ստացավ վնասվածք, ինչի պատճառով մրցավարները դադարեցրին գոտեմարտը՝ հաղթանակը շնորհելով թուրք ըմբիշին: Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ:

Նախորդ 3 գոտեմարտերում Վարշամ Բորանյանը հաղթել էր իտալացի Վիտո Աբրեսկիային, ուզբեկ Դիլշոջոն Տուրդիեւին եւ ղազախ Դեմեու Ժադրաեւին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի մեջ մտած 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, իսկ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 1/16 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Մինգիյան Սեմենովին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար եւ կմասնակցի սփոփիչ գոտեմարտերի:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում