23:05  ,  7 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Դանիացիները վախեցած էին մեզանից

Ցանկանում եմ, որ բոլորն այս խաղից հետեւություններ անեն եւ աշխատեն իրենց վրա, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրում դանիացիներից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո պատասխանեց լրագրողների հարցրեին:

«Առաջին խաղակեսում շատ հնարավորություններ չունեցանք: Երկրորդ խաղակեսը շատ լավ սկսեցինք: Խփած գոլից հետո կորցրեցինք զգոնությունը եւ բաց թողեցինք գոլեր: Ինչ վերաբերում է վնասվածքիս, կարծում եմ՝ լուրջ բան չկա: Եթե խաղը շարունակելու չնչին հնարավորություն լիներ, ես կանեի դա, բայց չկարողացա: Դանիացիները վախեցած էին մեզանից: Առաջին խաղակեսում նրանք տիրում էին գնդակին, բայց լուրջ գոլային պահեր չունեցան: Երկրորդ խաղակեսում մենք խփեցինք գոլ եւ ունեիք հնավարություններ, բայց չկարողացանք գոլի վերածել դրանք: Ֆուտբոլը 11 հոգու խաղ է: Ես չեմ ցանկանա, որ բոլորը մտածեն, թե ամեն բան կորած է:

Ցանկանում եմ, որ բոլորն այս խաղից հետեւություններ անեն եւ աշխատեն իրենց վրա: Եթե մեկ ֆուտբոլիստ վնասվածք է ստանում, մյուսները պետք է պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: Ցանկացած ֆուտբոլիստ պետք է իրեն ավագ զգա եւ հույսը չդնի մեկ կամ երկու խաղացողի վրա»,- ասաց Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ երկրորդ խաղակեսում բացեց հաշիվը, սակայն այնուհետեւ բաց թողեց 2 գոլ: 

Վերա Մարտիրոսյան՝ Կոպենհագենից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով