23:38  ,  3 սեպտեմբերի, 2014

Լատվիա - Հայաստան՝ 2:0. Շալանդի խոստացած «խենթ» խաղը չեղավ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին վերջին ընկերական խաղն անցկացրեց Եվրո-2016-ի ընտրական փուլից առաջ՝ մրցելով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 100-րդ տեղը զբաղեցնող լատվիացիների հետ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերն առավելության հասան 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն այս խաղում ընտրել էր 5 պաշտպաններով սխեման, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում Հենրիխ Մխիթարյանն էր, ով երբեմն ստիպված է լինում նահանջել կենտրոն: Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին հյուրերը, ովքեր մեկնարկային 45 րոպեներին ունեին ոչ մեծ խաղային եւ տարածքային առավելություն: Լատվիացիները խաղում էին երկրորդ համարով, սակայն առաջին իսկ գոլային պահն ավարտեցին դարպասի գրավումով: 16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կիպրոսյան «Անարտոսիսի» հարձակվող Վալերի Շաբալան: Բաց թողած գոլից հետո Բեռնար Շալանդի թիմն ավելացրեց առջեւի գծում եւ կարող էր ոչ միայն խփել պատասխան գոլը, այլեւ առաջ անցնել հաշվի մեջ: Խաղակեսի վերջնամասում 3 լավ գոլային պահ ունեցավ հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ով վրիպեց 3 դեպքում էլ:

Ընդմիջումից հետո 5 պաշտպանով էին խաղում նաեւ լատվիացիները, ովքեր փակվել էին պաշտպանությունում: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի տարածքային առավելությունը հսկայական էր, սակայն դա ոչինչ չէր տալիս հյուրերին: Շալանդի թիմը չէր կարողանում մոտենալ դաշտի տերերի դարպասին, իսկ լատվիացիները երբեմն անցկացնում էին հակագրոհներ: 68-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանի փոխարեն խաղադաշտ մտավ ռուսական «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, ով մի քիչ թարմություն հաղորդեց Հայաստանի թիմի հարձակման գծին: 71-րդ րոպեին Սարկիսովը կորցրեց գոլային պահ, իսկ քիչ անց Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո դաշտի տերերին փրկեց ուղղահայաց դարպասաձողը: Այս անգամ եւս ֆուտբոլի չգրված օրենքը չուշացավ եւ դաշտի տերերն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում խփեցին երկրորդ գոլը: Վալերի Շաբալան 75-րդ րոպեին կրկնապատկեց Լատվիայի հավաքականի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ: Խաղի վերջնամասում Հայաստանի թիմը չկարողացավ խնդիրներ առաջացնել մրցակցի համար՝ խաղադաշտը լքելով պարտված: Շալանդի խոստացած «խենթ» խաղը բացակայում էր:

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը Դանիայի դեմ կոպենհագենյան խաղով կմեկնարկի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում:

Ընկերական խաղ, Ռիգա

Լատվիա - Հայաստան՝ 2:0

Վալերի Շաբալա, 16, 75

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան (Հովհաննես Համբարձումյան, 72), Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (Արթուր Սարկիսով, 68), Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան (Կառլեն Մկրտչյան, 80), Ռումյան Հովսեփյան (Մարկոս Պիզելի, 80), Գեւորգ Ղազարյան (Նորայր Ասլանյան, 90), Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան (Զավեն Բադոյան, 64):

Ֆոտո՝ NEWS.am Sport

 

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում