18:47  ,  3 սեպտեմբերի, 2014

Հայաստան - Լատվիա. Ամեն բան համեմատության մեջ է ճանաչվում

Հայաստանն ու Լատվիան 25 տարի առաջ մեկ պետության կազմում էին, իսկ այսօր կանգնած են նմանատիպ խնդիրների առջեւ, սակայն լուծում են դրանք տարբեր կերպ: Երկու փոքր պետություններ, որտեղ առաջնային խնդիրը գործազրկությունն է, երկորդը՝ էմիգրացիան, իրար լավ են հասկանում սոցիալական հարթակում, բայց ոչ ֆուտբոլային:

Համեմատություններ անել չեմ սիրում: Հատկապես, երբ միշտ համեմատելիս զգում ես, որ արդյունքը քեզ չի ուրախացնում, բայց այսօր առաջին անգամ ինձ թվաց, թե մեզ էլ կարող են բարի նախանձով նայել մարդիկ:

Եվրոպայի առաջնությանը մասնակցած Լատվիայի հավաքականը թիմային մակարդակով հաջողություններ է ունեցել, իսկ այսօր կանգնած է տխուր իրականության առջեւ: Երկրի ամենամեծ ստադիոն «Սկոնտոն» հյուրընկալում է ընդամենը 8 հազար երկրպագու: Ստադիոնը կառուցվել է 15 տարի առաջ, բայց շատ ավելի վատ տեսք ունի, քան Հայաստանի շատ մարզադաշտեր: Եթե ստադիոնի կեսը լցվի այս խաղում, ապա մեծ բան կլինի: Այստեղ ազգային հավաքականը հավատ չի ներշնչում երկրպագուներին: Չկան աստղեր, նվաճումներ: Ակամայից հիշեցի Հայաստանի ազգային հավաքականի ամենավատ տարիները, երբ նույնպես ընկերական խաղերին դժվար էր ստադիոն լցնել, բայց հաստատ այսպիսի անտարբերություն չկար: Լատվիացիները սպասում են, երբ Հոլանդիայի հավաքականը կգա այստեղ, ինչպես իրենք են ասում՝ գոնե աստղեր կտեսնեն: Իրականում Լատվիայում ֆուտբոլը ամենափոքր խնդիրն է: Ցավոք, բայց բալթյան գեղեցիկ այս երկրում, որը Եվրամիության անդամ է ու գտնվում է շենգենյան գոտում, կյանքը բավական ծանր է: Մեծամասնությունը ձգտում է աշխատելու մեկնել Նորվեգիա կամ Անգլիա, իսկ երիտասարդությունն՝ առաջին հերթին: Էլ ի՞նչ խոսք ֆուտբոլի մասին: Այսօր փողոցում մի կնոջ հարցրեցի, թե ինչու մեծ առեւտրի կենտրոններում չկան եվրոպական հայտնի բրենդեր: Նա ծիծաղելով ասաց. «Դուք գիտեք Եվրոպա՞ եք եկել: Ոչ, դուք եկել եք փոս: Սա փոս է»: Լատվիայում ժամանակին ապրում էին 6000 հայեր, այժմ մնացել են 2000:

Լատվիան այս անգամ Թուրքիայի հավաքականի հետ է նույն ընտրական խմբում եւ անհամբեր սպասում են այդ խաղին: Լատվիան մեկ անգամ փակել է Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպայի առաջնություն: Թուրքերը տանը դաժան ընդունելություն էին ցուցաբերել լատվիացիներին: Այժմ այդ խաղի հանդեպ այստեղ կա հետաքրքրություն:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, Լատվիայի հետ խաղը վերջին փորձությունն է՝ ավելի մեծ փորձությունից առաջ: Եթե այս խաղում կլինեն փորձարկումներ, ապա Դանիայում պետք է խաղալ միավոր չկորցնելու նպատակով: Հայտնի է, որ Դանիայում չեն խաղալու Հայաստանի թիմի առաջատարներից Մովսիսյանն ու Օզբիլիսը, Արզումանյանի մասնակցությունը հարցականի տակ է, Կառլեն Մկրտչյանն էլ չունի բավականաչափ խաղային պրակտիկա, իսկ Մաուրո Գեւգեոզյանը չի կարողացել միանալ հավաքականին: Երեւի, այս խնդիրը կշարունակվի, քանի դեռ նա հանդես է գալիս Հարավային Ամերկայում: Մի խոսքով, գրեթե բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր փայլեցին Դանիայում, այսօր չկան:

Բեռնար Շալանդը մարզմանը երկու կազմ փորձարկեց: Անգամ Մխիթարյանը հայտնվեց կենտրոնական հարձակվողի դիրքում: Շալանդը ասուլիսին ասաց, որ իր տղաներից խենություն է ուզում: Այն հարցին, թե ինչ է խենթությունը, մարզիչը պատասխանեց, որ նա չէ դա անողը, այլ թիմը: Նա միայն կրակ վառողն է: Այսօրվա խաղը շատ հարցերի պատասխան կտա: Եթե խնդիրներ լինեն Լատվիայի հետ, արդեն Դանիայի խաղին լիովին այլ տրամադրությամբ դուրս կգանք: Լատվիային հաղթել պետք է ամեն գնով, քանի որ թիմի վերջին պարտությունների շարքը ինչ-որ վախեր առաջացրեց:

Եվ վերջում, իհարկե, եւս մեկ անգամ հաճելի է գիտակցել, որ մեր թիմում հանդես է գալիս ֆուտբոլիստ, ում համար լատվիացի լրագրողները եւ երկրպագուները գալիս են ստադիոն: Լրագրողներից մեկը ասուլիսին Հայաստանի մարզիչին հարցրեց՝ արդյոք լատվիացի երկրպագուների ուրախության համար Մխիթարյանը կխաղա առաջին րոպեներից: Ինչ խոսք, առաջիկա օրերին Մխիթարյանից շատ բան է կախված՝ չնայած դա արդեն սովորական է դարձել:

P.S 

Անձամբ լատվիացիները համաձայն չեն այն մտքի հետ, որ իրենց երկրում ամեն բան վատ է: Նրանք սիրում են իրենց հայրենիքը: Ես անձնական պատճառներով համաձայն եմ նրանց հետ: Անպայման արժե այցելել Լատվիա: 

Վերա Մարտիրոսյան՝ Ռիգայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով